Վերջին օրերին լրատվական դաշտը հեղեղվել է Սերժ Սարգսյանի հավանական կալանավորման մասին տեղեկատվությամբ, ընդ որում, այդ տեղեկատվությունը դաշտ է գցվել հենց Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատի կողմից: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ հայտարարեց իր աներոջ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին: Դա արվեց բավական հայտնի տեղեկատվական երկքայլանի տեխնոլոգիայով: Սկզբում այդ մասին ոչ միանշանակ Facebook-յան գրառում կատարեց՝ հավանաբար «շարժելու» համար ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Այնուհետև լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարեց, որ խոսքը Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին է, և որ դա իշխանության վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» քայլն է:

Այնուհետև էստաֆետը փոխանցվեց կարկառուն հանրապետականներին, ովքեր, իրար հերթ չտալով, գրառումներ էին կատարում՝ ինչ-որ տեղ անգամ խնդրելով իշխանություններին կալանավորել Սարգսյանին՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար; Ո՞ւմ է ձեռնտու նման տեղեկատվության տարածումը, կամ ո՞ւմ են ուղղված այդ մեսիջները: Կա մի քանի տարբերակ: Անգամ եթե ընդունենք այն հանգամանքը, որ մինչ հեղափոխությունը Փաշինյան-Սարգսյան համաձայնություն է եղել, Սարգսյանը, լավ իմանալով Փաշինյանի՝ յուրայիններին քցելու բնավորությունը, փորձում է ինքն իրեն ապահովագրել: Մյուս կողմից, թիմային աղմուկը մեսիջ է Փաշինյանին, որ եթե նման համաձայնությունը խախտվի, ապա ի տարբերություն երկրորդ նախահագ Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը ունի թիմ, որն էլ ջանքեր չի խնայի ներքին և արտաքին լսարանի առջև Սարգսյանին քաղաքական հետապնդման զոհ ներկայացնելու համար:

Սարգսյանը կարող է նաև մեսիջ հղել ներքին և արտաքին խաղացողներին, որ թեժ աշնանն ընդառաջ իր պասիվությունը խաբուսիկ է, որ ինքը դեռ խաղի մեջ է, մյուս կողմից սա մեսիջ է սեփական թիմակիցներին, որպեսզի վերջիններս չփորձեն անցնել այլ ճամբարներ: Իսկ եթե ընդունում ենք, որ Փաշինյան-Սարգսյան համաձայնությունը եղել է, և այն դեռ ուժի մեջ է, ապա չի կարելի բացառել, որ Սարգսյանը համաձայնեցված է իրեն որպես ժերտվա առաջարկում՝ փրկելու համար Փաշինյանի խորտակվող վարկանիշը: Բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանին այսօր անհրաժեշտ են կտրուկ քայլեր, իսկ Սերժ Սարգսյանի կալանավորումը հենց այն քայլն է, որը կարող է կարճ ժամանակով վարկանիշ ապահովել, ինչպես նաև շեղել հանրության ուշադրությունը Ամուլսարի խնդրից: Իհարկե, Սարգսյանը չի կալանավորվի և բանտ չի նստի, սակայն նրան կալանավորելու լուրը կարող է պայթող ռումբի էֆեկտ ունենալ քաղաքական դաշտի համար, իսկ դա հենց այն է, ինչ հարկավոր է Նիկոլ Փաշինյանին: