Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունը եւ մեկ դաշինքը ակտիվ նախապատրաստական աշխատանքների, քննարկումների մեջ են, որոշվում են շտաբների ղեկավարները, կարգախոսները եւ այլն:

NEWS.am-ը փորձել է պարզել, թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի շտաբների ղեկավարներն ովքեր են լինելու, քանի շտաբ է ձեւավորվելու եւ ինչ կարգախոսներ են ընտրելու:

ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ստեղծվելու է 400-ից ավելի նախընտրական շտաբներ, իսկ քարոզչական աշխատանքները ավարտական փուլում են, կարգախոսները կհրապարակվեն քարոզարշավի մեկնարկին:

«Օրինակ երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը կլինի Խաչիկ Հարությունյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս շտաբների քանակը պարզ չէ, դրանք ձեւավորման փուլում են, բայց մոտ 50 շտաբ կունենան: Քննարկման փուլում են նաեւ կարգախոսները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը կլինի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, իսկ քարոզչության գծով պատասխանատուն' Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կարգախոսները պատրաստ են, բայց դրանք կհրապարակեն քարոզչության մեկնարկին: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց շտաբի ղեկավարը կլինի Աղվան Վարդանյանը, շտաբների քանակը հայտնի չէ, դրանք կստեղծվեն ըստ անհրաժեշտության: Իսկ կարգախոսները մի քանիսն են, թե դրանցից որը կդառնա հիմնական, առայժմ որոշում չունեն:

«Առաքելություն» կուսակցության շտաբը միանձնյա ղեկավար չի ունենալու: Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատանքի բաժանում են կատարել, խմբային աշխատանք է լինելու, բոլորը մասնակցելու են: Կուսակցությունը մեծ թվով շտաբներ չի ունենա, իսկ կարգախոսներն էլ քննարկման փուլում են:

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շտաբի ղեկավարի հարցը քննարկվում է, իսկ կարգախոսները կհրապարակեն պաշտոնական քարոզարշավի մեկնարկին պես: Ինչ վերաբերում է շտաբների քանակին, ապա, նրա խոսքով, Երեւանում եղած բոլոր շտաբները կգործեն, հայտնի չէ' լրացուցիչ շտաբներ կստեղծվեն, թե՝ ոչ: «Ես նախընտրում եմ ընտրողի հետ անմիջական աշխատել, շտաբային աշխատանքները դրանք ավելի շատ ժամանակ են խլում որոշումներ կայացնելու համար, օպերատիվ է դուրս գալ եւ ընտրողների հետ անմիջական հաղորդակցվել: Թե քանի շտաբ կլինի, էական չէ, կարեւորը թիմը կարողանա բոլոր փողոցներում, բակերում մարդկանց հաղորդակից դարձնել իրենց ծրագրին:

«Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Գագիկ Բաղդասարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համամասնական ցուցակը գլխավորող «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ շտաբների ձեւավորման աշխատանքները եւ կարգախոսները ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություններ եւ մեկ դաշինք իրենց համամասնական ցուցակները ներկայացրել են ԿԸՀ: Դրանք են, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը:

«Բարեւ, Երեւան» դաշինքում ներկայացված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, նաեւ կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով: