Օգոստոսի 22-ին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան զրկել է նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից: Արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, որը նշված ժամանակահատվածում եղել է արդարադատության նախարար:

Բացի այդ, ուշագրավ տեղեկություն տարածվեց երեկ: Ազգային ժողովում աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ և գույք: Գույքագրումն իրականացվել է մարտ ամսին, բայց, չգիտես ինչու, քրեական գործը հարցվում է նոր: Հիշեցնենք՝ ժամանակին ԱԺ աշխատակազմը ղեկավարել է հենց Հրայր Թովմասյանը: Եվ եթե այս երկու՝ առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվությանը գումարենք այն հանգամանքը, որ ՍԴ մասին օրենքի նոր նախագիծը ենթադրում է ՍԴ դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում՝ վերջինիս հանդեպ քրեական հետապնդում սկսելու դեպքում, ապա պատկերը ամբողջանում է: Իշխանությունները գտել են Հրայր Թովմասյանից ազատվելու օրինական ճանապարհը:

Օգոստոսի 29-ին ՍԴ-ում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը, բացի այդ ՍԴ-ն սպասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, և հենց Հրայր Թովմասյանից է մեծամասամբ կախված՝ կհայտնվի երկորդ նախագահը ազատության մեջ, թե ոչ: Ըստ էության՝ իշխանությունները այսպես փորձում են ազդեցության լծակ ստեղծել՝ ՍԴ նախագահի որոշման վրա ազդելու նպատակով: ՍԴ մյուս դատավորներից էլ իշխանությունները պատրաստվում են ազատվել վերջիններիս օրինական կաշառք առաջարկելով, սակայն արդեն իսկ պարզ է, որ ՍԴ դատավորների մեծ մասը դեմ է խաղի այդ կանոններին: Իսկ ի՞նչ կորոշի Հրայր Թովմասյանը, կտրվի՞ սադրանքին՝ աչքի տակ ունենալով իշխանությունների կողմից կարված մյուս քրեական գործերը, թե՞ կխաղա իր կանոններով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կարված գործերը ջուր էին…

Թովմասյանի հավանական կալանավորումը միանգամից երկու խնդիր կլուծի, նախ՝ հանրության ուշադրությունը կշեղվի ևս մեկ աղմկահարույց ձերբակալությամբ, և վերջապես՝ Փաշինյանն ու իր թիմը հնարավորություն կստանան ՍԴ նախագահի պաշտոնում տեսնել իրենց թեկնածուին: