Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- այս մասին ժամեր առաջ հաղորդագրություն էր ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ձերբալակությունից հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել: Լրագրողների հետ զրուցյում պաշտպաններից Երեմ Սարգյսանը անդրադարձավ առավոտյան տեղի ունեցած խուզարկություններին, և, մասնավորապես, պատասխանեց այն հարցին, թե՞ ինչ էին փնտրում խուզարկության ընթացքում.

«Առավոտից խուզարկություններ են կատարվում բնակության վայրում և Ծաղկաձորում գտնվող բնակության վայրում: Ըստ էության, իմ գնահատմամբ, էնպիսի առարկաներ չկան, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունենալ կամ, ասենք, դրանք ոչ օրինական էին: Օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են»:

Ձերբակալությանն անդրադառնալով՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողությունների: «Կա որոշակի հանգամանք, որ ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, հիմա պիտի պարզվի, թե Գագիկ Խաչատրյանն ինչ կապ ունի դրա հետ, քանի որ դա մի ամբողջ մեծ համակարգի է վերաբերում: Եթե խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի մասին, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել»,-մանրամասնեց նա:

Նա նաև հայտարարեց, որ պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է:

Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ չնայած բերման ենթարկելու արձանագրություն է կազմել, սակայն Գագիկ Խաչատրյանը բերման չի ենթարկվել, նա իր կամքով է ներկայացել ԱԱԾ։

Հարցին, թե որտեղից Գագիկ Խաչատրյանին իր ունեցած գումարները, պաշտպաը պատասխանեց, որ բնականաբար ինքը տեղյակ չէ, թե որտեղից Խաչատրյանին այս կամ այն տունը, իսկ Խաչատրյանի որդիները ընկերություններ ունեն, արդար, օրինական բիզնեսով են զբաղվում: