ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին' ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ' ծննդյան օրվա առթիվ:

Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:

Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի' խորին հարգանքի և գնահատանքի:

Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից' Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում:

Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը' կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:

Հարգելի՛ պարոն Սահակյան,

Մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև' պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում Ձեզ քաջառողջություն, Ձեր ամուր ու հայկական ավանդապաշտ գեղեցիկ ընտանիքին' երջանկություն, նոր հաջողություններ՝ ի շահ Արցախի և նրա արժանապատիվ քաղաքացիների»:

Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ' շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին: