Համաձայն ՀՀ ԱՆ վերջին հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում զարկ է տրվում նեյրովիրաբուժության զարգացմանը։

Այս լուրն, իհարկե, ինձ, որպես մանկական և մեծահասակների նեյրովիրաբույժի, շատ ուրախացրեց, քանզի, սովորելով և աշխատելով տարբեր զարգացած երկրների հայտնի նեյրովիրաբուժական կլինիկաներում, միշտ ցավով էի գիտակցում Հայաստանում նեյրովիրաբուժության անմխիթար վիճակը։ Բոլոր ջանքերը փշրվում էին ֆինանսական բարդությունների, թանկարժեք նեյրովիրաբուժական սարքավորումների բացակայության ապառաժին։ Հաճախ որոշ մարդկանց չկամությունը, սեփական գրպանի պարունակությունը հանրության առողջությունից վեր դասելու մոլուցքը ու մանկական տարիքից մնացած կոմպլեքսները թաքցնելու ջանքերը քար էին նետում հայրենական նեյրովիրաբուժության զարգացման ճանապարհին։

Բնական է, որ ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարի' Հայաստանի Հանրապետությունում նեյրովիրաբուժության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Սակայն, ես կլինեի միամիտ, եթե հավատայի, որ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագով և Ամուլսարի շահագործումն արդարացնող, «բռնության ձայնը» հեշթեգի հետևորդ Արսեն Թորոսյանը նպատակ ունի կատարել իրական քայլեր և անշահախնդրորեն նպաստել իմ մասնագիտական ոլորտի զարգացմանն ու բարգավաճմանը։

Եվ այսպես …

Համաձայն շրջանառվող լուրերի՝ պետությունն այս ոլորտում աջակցություն է ցուցաբերելու երկու բժշկական հաստատության. «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ին և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին։

Նշեմ, որ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն Արսեն Թորոսյանի կատարյալ տիրապետության տակ գործող կլինիկական հիվանդանոց է։ Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներկա դրությամբ միակ մանկական նեյրովիրաբուժության ծառայություն մատուցող բժշկական հաստատությունն է։

Համացանցում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով է ղեկավարում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն։ Ես հավելեմ, որ այս ԲԿ-ի ղեկավարությունն անմիջական կապ ունի Արսեն Թորոսյանի «փախուստ Բանակից» օպերացիայի հետ։

Սակայն, Թորոսյանի գործողություններին այժմ կտամ զուտ մասնագիտական բնութագիր։

«Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն հանդիսանում է «Շտապ օգնության» հիվանդանոց։ Այստեղ տեղափոխվում են հիվանդներ երկրի տարբեր ծայրերից, ովքեր հիմնականում ունեն անհետաձգելի բուժօգնության կարիք։

Երկու միլիարդ դրամի սարքավորումներ գնող Թորոսյանը անհասկանալի տրամաբանությամբ շտապ օգնության հիվանդանոցը հագեցնում է նեյրոնավիգացիոն տեխնիկայով, ուլտրաձայնային արտածծիչով և այլն։

Տեղեկացնեմ, որ այս տեխնիկան անհրաժեշտ է գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների (առավելապես խորանիստ տեղակայման), ներգանգային կիստաների (օրինակ երրորդ փորոքի կիստա) հեռացման համար։

Մեր հանրապետությունում գործող միակ Ուռուցքաբանության ինստիտուտը, որն, ի դեպ, հանդիսանում է պետական կառույց և որտեղ իրականացնում են իմ նշած վիրահատությունները, անհասկանալի պատճառներով չի համալրվում անհրաժեշտ նեյրովիրաբուժական սարքավորումներով։

Այստեղ առաջանում են տրամաբանական հարցեր (գուցե ոչ բոլորի մոտ այդ հարցը կարող է առաջանալ, քանի-որ ոչ բոլորն են առաջնորդվում տրամաբանությամբ). Ինչո՞ւ է շտապ օգնության հիվանդանոցին պետական միջոցների հաշվին տրամադրվում թանկարժեք նեյրովիրաբուժական տեխնիկա, եթե այդ տեխնիկան անհրաժեշտ է տրամադրել մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնին։ Ինչո՞ւ են մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնի հիվանդները զրկվում բարձրակարգ նեյրովիրաբուժական սարքավորումներով վիրահատվելու հնարավորությունից։ Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ։ Արդյո՞ք Արսեն Թորոսյանը չի կրկնում դիալիզի սարքերի գնման գործընթացի արատավոր ու ձախողված սցենարը։ Արդյո՞ք այսպիսով հիվանդները չեն ուղղորդվում դեպի կոնկրետ բժշկական հաստատություն։

Արդեն նշեցի, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ունի ՀՀ-ում միակ մանկական նեյրովիրաբուժական բաժանմունքը։ Պնդում եմ, որ այդ բաժանմունքում աշխատում են պրոֆեսիոնալներ, և այդ բաժանմունքը պետք է համալրվի նորագույն նեյրովիրաբուժական տեխնիկայով։

Սակայն, թորոսյանական մոտիվներով ուժեղացվում է այս կենտրոնի մենաշնորհը' նոր մանկական նեյրովիրաբուժական բաժանմունք ստեղծելու, մրցակցություն ապահովելու, քաղաքացիներին ընտրություն տալու փոխարեն։

Սա ինձ համար անընդունելի մոտեցում է։ Ես համոզված եմ, որ առողջապահության համակարգը ողջ հանրապետության տարածքում պետք է համահավասար զարգացնել։ Իհարկե, կան ոլորտներ և նեղ մասնագիտություններ, որոնց ուղղությամբ պետք է ձևավորել մասնագիտական կենտրոններ։ Սակայն, չի կարելի խառնել թացը չորի հետ։ Չի կարելի մի կողմից միլիարդներ ծախսել սարքավորումների վրա, որոնք հնարավոր է, որ երբևէ չօգտագործվեն, մյուս կողմից' զրկել այդ սարքավորումներից' նեղ մասնագիտացում ունեցող ու այդ սարքավորումներով աշխատելու կարիք ունեցող կենտրոններին։

Պարո՛ն Թորոսյան, Դուք մեր աշխատողն եք և Դուք վա՛տ եք աշխատում։

Առողջապահական ոլորտը չպետք է լինի բիզնես-ոլորտ, և այնտեղ չպետք է ստեղծվեն բիզնես-մենաշնորհներ։ Այն պետք է լինի առողջապահական-գիտական լուրջ հենք պետության համար։

Հ.Գ. Չի կարելի անձնական վրեժխնդրության հարցերը լուծել մեր հանրության առողջության ու պետական միջոցների հաշվին։

Հ.Գ. 2 Ըստ օդում թևածող լուրերի՝ մի շարք բժշկական կենտրոններից, այդ թվում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ից, բոլոր հիվանդներն ուղղորդվում են Ա. Թորոսյանի կնոջ ենթակայության տակ գործող MIBS ԲԿ' ՄՌՏ հետազոտություն անցնելու համար։ Փաստերը սպասել չեն տա !!!

Կարդացեք նաև՝ Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան