Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Ընդ որում, այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին, կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։

Ինչպես ասում են' կառավարությունը «բոլոր երգերը երգել» է, հիմա էլ որոշել է լուծել օրենքով գողերի հարցը, թեև ակնհայտ է, որ այս հարցը այս պահին երկրի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը չէ: Տպավորություն է, որ նախագծի հեղինակները ամեն ինչ անում են, որպեսզի օրենքի շուրջ աղմուկը տարածվի հիմնականում օրենքով գողերին վերաբերվող հոդվածի շուրջ: Սակայն առաջարկվող փոփոխությունները այսքանով չեն ավարտվում: Եթե ներկայացնենք կարճ, ապա իշխանությունները որոշել են պատժել բռնության քարոզ իրականացնողներին: Ողջունելի է իհարկե, սակայն բանն այն է, որ նախագիծը չի հստակեցնում, թե որ գործողություններն ու քայլերն են դիտարկվելու իբրև բռնության քարոզ: Ստացվում է՝ լղոզված ձևակերպման պարագայում ցանկացած ոք, ով կարտահայտի իշխանությունների կարծիքին հակառակ կարծիք, կարող է մեղադրվել բռնություն քարոզելու մեջ: Հետաքրքիր է միայն, սեփական ֆեյքերի հանդեպ էլ են իշխանությունները նույնչափ սկզբունքային լինելու՝ հաշվի առնելով, որ համացանցում բռնության կոչերը հիմնականում հնչում են հենց իշխանությունների բուծած ֆեյքերի կողմից…