Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշում է կայացրել պաշտոնից ազատել «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Տանանյանին։ Նախարարի որոշումն առաջացրել է բուժանձնակազմի դժգոհությունը։ Նշենք, որ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հիվանդների հարազատներ հրապարակում էին այս հիվանդանոցում իրենց հետ տեղի ունեցած դեպքերը՝ բարձրաձայնելով «սպանդանոց հիշեցնող հիվանդանոցում» տիրող գաղջ մթնոլորտի, անգրագիտության, բարձիթողի վիճակի և մի շարք այլ խնդիրների մասին։ Նրանց թվում էր լրագրող Արիս Վաղարշակյանը, ով վերջին ամիսներին՝ իր հոր մահից հետո, մամուլով ուշադրություն էր հրավիրում Ֆանարջյանում տիրող բարքերի վրա։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաղարշակյանը նշեց՝ աշխատակից բժիշկների դիրքորոշումը բնական է համարում, բայց գտնում է, որ նրանց աջակցությանը շատ լուրջ վերաբերվելն այնքան էլ տեղին չէ։ 

Նրա կարծիքով՝ իր հոր հետ կապված դեպքի վերաբերյալ բարձրաձայնած դժգոհությունը ևս նպաստել է տնօրենին աշխատանքից ազատելու որոշման վրա, քանի որ դրանից հետո բազմաթիվ մարդիկ իրենց պատմություններով ու բողոքներով դիմել են իրավապահ մարմիններին․ «Նախարարը պարտավոր էր արձագանքել բազմաթիվ բողոքներին, որոնք վերաբերում էին տվյալ հիվանդանոցին ու գլխավոր բժշկին։ Նոր տնօրենը պետք է համալիր ստուգումներ անցկացնի հիվանդանոցում, հասկանա՝ ի վերջո այդ ամենը մեկ-երկուսի աշխատելաոճն է եղել, թե համատարած համակարգային բնույթ է կրել։ Ես այն համոզմանն եմ, որ համակարգային բնույթ էր տիրում, որովհետև օրը ցերեկով ապօրինություններ անել ու պատասխանատվության չենթարկվելու համար պետք էր ցուցում ունենալ, հակառակ պարագայում այդ մարդկանց աչքերում գոնե վախ կտեսնեինք»,- ասաց Վաղարշակյանը։ 

 

Խոսելով հիվանդանոցում առկա խախտումների մասին՝ վերջինս պատմեց, որ հիվանդներին անհրաժեշտ հետազոտություն և բուժօգնություն չի տրամադրվել․ «Պարզվեց՝ նախարարության հրահանգով մինչև 15 000 դրամ արժողության դեղերը հիվանդանոցը պարտավոր է տրամադրել անվճար, մինչդեռ իրենք տալիս էին բաղադրատոմսերը և ուղղորդում հիվանդանոցի դեղատուն՝ գնելու։ Մեր պարագայում պահպանվել են ՀԴՄ-ները, որ մենք մինչև 15 000 դրամանոց դեղերը գնել ենք։ Առաջիկայում, կարծում եմ, նաև այդ մասով պետք է ստուգումներ և քննություն իրականացվի, որպեսզի հասկանանք՝ ով է մեղավոր, ում ցուցումով են նման աշխատելաոճ որդեգրել»,-նշեց նա։ 

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրգործ, նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Նմանատիպ դեպքով ևս 2 քրգործ կա հարուցված. «Հայաստանում բժշկական սխալն ապացուցելը խրթին է, իմ տեղեկություններով՝ այս պահին իր պատիժը կրում է ընդամենը մեկ բժիշկ, մինչդեռ Հայաստանում հաստատ մեկ դեպքից ավել բժշկական սխալների դեպքեր կլինեն։ Տվյալ պարագայում մենք վիճարկում ենք անգործությունը, այսինքն՝ չի արվել գործողություն, որը կարող էր փրկել մարդու կյանքը, իսկ միտումնավոր սխալի, թե անգրագիտության հետևանք է եղել՝ կպարզեն փորձագետները»,- Նշեց Վաղարշակյանը։ 

Սոնա Հարությունյան