«Դորիան» փոթորիկը, որը գոյացել է Ատլանտյան օվկիանոսում և վերջին օրերին փոքր-ինչ թուլացել էր, վերստին սաստկացել է մինչև երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մթնոլորտային երևույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցում է վայրկյանում 51 մետրը:

Ինչպես սպասվում է, փոթորիկը Հարավային Կարոլինայի ափին կմոտենա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Այնուհետև այն կշարժվի Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ:

Կենտրոնի գնահատումների համաձայն՝ առաջիկա մի քանի օրը Ջորջիայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինաների նահանգներում սպասվում են հեղեղումներ ափամերձ շջաններում, ինչպես նաև մրրիկներ: Այս պահին ԱՄՆ-ի ատլանտյան ափին բնակվող շուրջ 2 միլիոն մարդ տեղեկացված է «Դորիանի» մոտենալու կապակցությամբ տարհանվելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: