Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի գործի անջատված մասի շրջանակում։

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ նշելով, որ չեն մեկնաբանում․ «Հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություն տալուց»։ Իսկ Վիտալի Բալասանյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, քանի որ չի պատասխանում հեռախոսազանգերին։

Նկատենք, որ Վիտալի Բալասանյանին հրավիրելու պատճառը վերջինիս կողմից հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարությունն է, թե 2008թ-ի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր խումբն է եղել․ «Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»,- ասել էր Բալասանյանը, ապա ավելացրել․ «Ես այդպես էլ այդ հրավերը չստացա ՀՔԾ պետից, որ քննեինք Մարտի 1-ի դեպքերը»։

Նշենք, որ ամիսներ առաջ Երևանում զինված ոստիկանները կանգնեցրել էին Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ նշելով, որ պետք է զննեն, քանի որ տեղեկություն ունեն այն մասին, որ մեքենայում զենք-զինամթերք կա: Այդ իրադարձություններից հետո Բալասանյանը շարունակեց կոշտ քննադատություններ հնչեցնել թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ իրավապահ մարմիններին հասցեին, սակայն ինչպես ինքն էր նշում՝ թեև իրեն հարցաքննության կանչելու պատրվակներ էին սեղծում, բայց ինքն այդպես էլ հրավեր չի ստացել որևէ իրավապահ մարմնի կողմից։