Տեխասում ջրարջը մտել է տեղի դատավոր Մեթյու Ռայթի տուն և քարուքանդ արել: Այդ մասին դատավորը գրել է Ֆեյսբուքում:

Դատավորի խոսքով՝ կենդանին նրան այցելել է սեպտեմբերի 2-ի առավոտյան ժամը հինգին մոտ և սկսել է ավերել ամեն ինչ: Տղամարդը պնդում է, որ մոտ 20 ժամ փորձել է դրան բռնել, բայց՝ ապարդյուն:

Այնուհետև Ռայթը սննդով թակարդներ է շարել տնով մեկ՝ հուսալով, որ գազանիկը սոված կլինի:

«Մենք ռազմավարական փակուղի ենք մտել: Որոշեցինք ռազմավարական նահանջի անցնել», – խոստովանեց Ռայթը:

Սակայն 20 ժամ անց վերջապես կարողացան բռնել ջրարջին և վանդակի մեջ դնել: Դատավորը որոշեց, որ իր արարքի համար ջրարջը ճաղերի ետևում կմնա 30 րոպե: Դրանից հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի՝ անօրինական ներթափանցման արգելքով: