ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար այս պահին իրավական հիմք չի տեսնում: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին որոշումը հետևյալն է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք է չխոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես վարչապետի ելույթում լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն»,- ասաց Թունյանն ու հավելեց, որ եթե առանց իրավական հիմքի այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, ապա դա անընդունելի է. դա Հայաստանին որպես գործընկեր շատ կասկածելի կդարձնի:

Թունյանի կարծիքով՝ ճանապարհը պետք է բացվի, որ այդ ընկերությունը շինարարական աշխատանքը կատարի: «Կոպիտ ասած, պարզ ասած՝ ռիսկը մնում է այդ ընկերության վրա: Հնարավոր է, որ ընկերությունը մեկ տարի շինարարության համար այդ ծախսը կատարում է, հետո պարզվում է, որ այդտեղ խախտումներ կան. դա մնալու է իրենց վրա, ոչ ոք չի փոխհատուցելու»,- նշեց նա:

Անդրադառնալով «Էլարդ»-ի եզրակացությանը՝ պատգամավորը նշեց, որ «Էլարդ»-ը ներկայացնում է իր մոտեցումը՝ որպես գիտական եզրակացություն, իսկ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը՝ հենվելով ՀՀ օրենքների վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսուբք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ: