Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում՝ խոսելու իր կառավարության տնտեսական ձեռքբերումներից, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուն' ի դեմս էկոնոմիկայի նախարարի, խոստովանում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։ Չափազանց ցածր է տնտեսության արտադրողականությունը։ Շուտով կլրանա մեկ տարին, երբ վարչապետը հայտարարեց տնտեսության թռիչքային աճերի մասին։ Այսօր տնտեսությունը ոչ միայն թռիչքային չէ, այլև կառավարությունը մտածում է, թե ինչ կարելի է անել' երկարաժամկետ հատվածում Հայաստանի տնտեսական աճը երկնիշ թվի մոտեցնելու համար։ Եվ հենց դա է արձանագրում նախարարը:

Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը մի ֆեյսբուքյան գրառում էր կատարել գնաճի վերաբերյալ: Փորձագետների կարծիքով՝ վարչապետը թվային աճպարարություն էր անում, և գնաճը ոչ թե 1,8, այլ 2,5 տոկոս է: Եվ ահա, այդ գրառումից օրեր անց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը որոշ դրվագներ է ներկայացրել գնաճի դեմ իշխանությունների պայքարի մասով ու ակամայից բացահայտել տնտեսության վրա պոպուլիզմի բացասական հետևանքները:

Հետ չի մնացել նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով, ըստ էության, ելույթ ունենալով ԱԺ-ում, փաստել է՝ արտաքին պարտքը ավելացնելուց խուսափել հնարավոր չի լինի՝ չնայած Փաշինյանի պնդումներին, որ իր ղեկավարության օրոք արտաքին պարտքը ոչ թե ավելանալու է, այլ նվազելու է:

Ստացվում է՝ տնտեսական բլոկի ղեկավարները մեկը մյուսի հետևից հերքում են վարչապետ Փաշինյանի գնահատականները և հայտարարությունները: Ընդ որում, տնտեսական բլոկը, թերևս, ամենակարևորն է Փաշինյանի կառավարության համար, քանի որ հենց այս բլոկը պետք է իրականացնի տնտեսական հեղափոխությունը, մինչդեռ այդ գործընթացում կարծես թե վարչապետի և իր թիմակիցների միջև լուրջ անհամաձայնություններ են ի հայտ եկել…