Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները ժամանակավորապես կասեցված Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 10–ին, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com–ին հայտնեց Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Նշենք, որ այսօր լրացել է գործի նյութերին ծանոթանալու 20–օրյա ժամկետը, և քննիչը պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ուսումնասիրելուց հետո պետք է որոշում կայացնի գործը դատախազություն ուղարկելու վերաբերյալ։ Հավելենք՝ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ հայտարարվել էր օգոստոսի 21-ին, սակայն պաշտպանական խումբը 20 օր էր խնդրել՝ 29 հատորանոց գործին ծանոթանալու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել):

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Միևնույն ժամանակ, քննիչի կողմից որոշում է կայացվել նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Նշենք, որ Սանասարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ «գործը սարքած է»