ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Սահմանադրական դատարանի որոշումը բացառապես քրեական հետապնդման մասին է, ոչ թե խափանման միջոցի: Հակասահմանադրական է ճանաչվել 335-րդ հոդվածը, որը քրեական գործ չհարուցելու կամ, եթե հարուցվել է, կարճելու մասին է: Խափանման միջոցին չի վերաբերում: Մենք սպասում ենք, որ դատարանը շուտով կկայացնի օրենքով և սահմանադրությանը համապատասխան որոշում, որովհետև նույնիսկ դատարանի մեծ ցանկության դեպքում, չգիտեմ, թե ինչպես կարող է օգտագործվել ՍԴ-ի որոշումը, որը մեծ հաշվով ոչնչի մասին է»,- պնդում է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշմանը կողմ քվեարկած դատավորները որոշման պատճառաբանական մասում ներառել են այնպիսի ձևակերպումներ, որոնք իրենց լիազորություններից դուրս են: Իսկ, թե ինչու են այդպես վարվել, պրն. Բաղդասարյանը թողնում է մարդկանց ենթադրությանը. «Այդ նույն դատավորները նախկինում էլ են որոշումներ կայացրել և նման քայլերի չեն դիմել: Ինչու հենց Քոչարյանի գործում իրենք գնացին այն քայլին, որ տվեցին իրենց լիազորություններից դուրս ձևակերպումներ»,- հռետորական հարց է բարձրացնում Բաղդասարյանը: