Վերջին շրջանում շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից կատարված խոստումների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին, քանի որ կա տպավորություն, որ կառավարությունը իր գործը փայլուն է կատարում, սակայն հանրությունը դա, չգիտես ինչու, չի նկատում:

Փորձենք ինքներս ի մի բերել Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից տրված և մինչ օրս ի կատար չածված խոստումների համառոտ ցանկը:

Եվ այսպես, դեռ հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է «ների» գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները: Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը: Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն: Արագաչափերի տուգանքները չզրոյացվեցին, հատուկ կառավարության որոշումով ներվեցին նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։ Բանանի մենաշնորհ, պարզվեց՝ չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ էժանացած բանանի գինը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչիշխանափոխության ժամանակվա արժեքին: Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում: Իշխանափոխությունից մեկ տարի անց այդպես էլ չպարզվեց՝ Սաշիկ Սարգսյանն իրո՞ք գործոն էր, թե՝ ոչ։ Համենայնդեպս այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գինը մնաց նույնը:

Փաշինյանը նաև հայտարարել էր հետևյալը. ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում, բոլոր գործարարներին, քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են երկրից դուրս գնալու, կապիտալը դուրս տանելու համար, ուզում եմ ասել՝ մի′ արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու: Իշխափոխությունից առաջ, և հատկապես հետո, սկսվեցին խուզարկությունների, քրեական գործեր հարուցվելու շքերթներ, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ չշրջանցելով ընտանիքների անդամներին։ Համատարած ատելության քարոզով էին պարուրվում թե′ իշխանական գործիչների մեկնաբանությունները՝ սկսած վարչապետից, թե′, որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող, սոցիալական ցանցերի մեծաքանակ օգտատերերի կողմից գրառումները։

Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից: Հայաստանի աղքատության կրճատման որևէ ծրագիր չներկայացվեց և չգործարկվեց։ Դեկտեմբերին ԱԺ ընտրություններից անմիջապես հետո սկսվեց համատարած կրճատումների գործընթաց, որը բացի պետական սեկտորից անցում է մասնավոր խոշոր ընկերություններին ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», Ալավերդու պղնձաձուլական, գրավատներ և այլ;

Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը: Խմելու ջուրը թանկացավ այս հայտարարությունից մեկ օր անց, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ՝ դրա դիմաց կառավարությունը համաձայնվել է նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։

Չի կարելի չհիշել նաև «Իմ քայլ»-ի տված և չկատարած խոստումները: Ինչ արժեն միայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերելակները նորոգելու, նոր տրանսպորտային ցանց ներդնելու, աղբահանության խնդիրը կարգավորելու և «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու մասով արված նախընտրական խոստումները, որոնք մինչ օրս իրականություն չեն դարձել: Արդյունքմ ակնհայտ է. մահվան վերելակներ և գազելներ, աղբի ճիրաններում գտնվող մայրաքաղաք, որը կանգնած է համաճարակի բռնկման լրջագույն վտանգի առաջ: Հիշատակենք նաև «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կողմից տրված խոստումները. հանքերի իրական սեփականատերերի բացահայտում, կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտում և այլն, սակայն այս խոստումները ևս դեռ չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ միանշանակ բխում էին հեղափոխական իշխանությունների շահերից…