Մամուլում լուրեր էին տարածվել, թե օրեր առաջ Կոնսերվատորիայում փակ խնջույք է եղել, որին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ ու սատանիստական աղանդի հետևորդներ: Համաձայն այդ լուրերի՝ մասնակիցներն ամբողջ գիշեր զվարճացել են ԲՈՒՀ-ի տարածքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ռեկտորի հովանու ներքո:

Լուրը պարզաբանելու, հնարվածն ու իրականը իրարից տարբերակելու համար ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ:

«Կազմակերպիչը մեր նախկին ուսանողն է՝ Հայկ Մակիյանը, ով այս տարի է ԲՈՒՀ-ն ավարտել: Նա բազմաթիվ լավ միջոցառումների հեղինակ է, այդ թվում՝ միջբուհական: Ընդհանուր առմամբ 30-ից ավելի հրաշալի միջոցառումներ է կազմակերպել ու իրականացրել: Այս ամենի հիման վրա ես նրան վստահեցի»:

Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառումը տևել է ժամը 20:00ից 22:00: Մեկնարկից 1 ժամ հետո է սկսվել ԲՈՒՀ-ին անհարիր միջադեպն ու մասնակիցների ոչ պատշաճ պահվածքը: Ընդ որում՝ այդ մարդիկ Կոնսերվատորիայի ուսանողները չեն եղել,- ասում է Հովհաննիսյանը:

 

«Ինձ հետ կապ հաստատեցին  Ուսանողական խորհրդի անդամներն ու ասացին իրավիճակի մասին: Ես էլ անմիջպես հրահանգեցի, որ դադարեցնեն: Մասնակիցները չեն ընդդիմացել և դուրս են եկել»-, նշեց Հովհաննիսյանը:

Ռեկտորի խոսքով՝ թեմայի հետ կապված ապատեղեկատվությունը շատ է: Նա նշեց, որ նման միջոցառումեր իրենց բուհում նախկինում չեն եղել, իսկ այդ մեկը մոտ 2 ժամ է տևել, ոչ ավելի:

«Այս ամբողջ ապատեղեկատվությունը միտումնավոր է արվում, որպեսզի վարկաբեկեն ինձ: Միջադեպը շատ տհաճ է ու հարիր չէ ԲՈՒՀ-ին, բայց նաև դա չի եղել պարբերաբար: Սա ուղղակի զրպարտություն է՝ ինձ ուղղված: Իսկ այս ամենի հեղինակները պետք է պատասխան տան»,- նշեց Հովհաննիսյանը: