ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից' ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: