Ուկրաինան և Հայաստանը պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում: Այդ մասին հայտարարվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայի ՆԳՆ եվրոինտեգրացիայի և միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Մերի Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՆԳՆ լրատվական ծառայությունից:

Վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավունքի ոլորտում երկկողմ համագործակցությանը նվիրված հարցեր:

«Մենք ողջունում ենք այն ուղին, որը բռնել է Հայաստանը եվրոինտեգրման ճանապարհին, և պատրաստ ենք օգնություն և օժանդակություն ցուցաբերել ոստիկանական համակարգի, սահմանապահ ծառայությունների ոլորտում նախատեսվող բարեփոխումների հարցում»,- հայտարարել է Արսեն Ավակովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են նաև քաղաքացիական անվտանգության ոլորտում, երկկողմ ուշադրության կենտրոնում են նաև Ուկրաինայում հայ համայնքի գործունեության հետ կապված հարցերը: