«Մենք, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գործով, վարչապետի հանձնարարականն ենք կատարել, ստեղծվել է հանձնաժողով, հրապարակվել է եզրակացություն, այն մասին, որ արտագրություն է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԲՈՀ-ի նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովում եղել են նաև Ռ. Հայրապետյանի ներկայացուցիչները, ովքեր նույնպես ստորագրել են եզրակացության տակ: Գոգյանի անձնական դիտարկմամբ՝ արտագրությունները շատ էին:

Ինչ վերաբերում է մյուս ռեկտորների ատենախոսությունները ստուգելու հարցին, ապա  Գոգյանը նշեց, որ մյուս ռեկտորների ատենախոսությունները ստուգելու իրավունք չունի: Դա արվում է միայն համապատասխան հանձնարարականի դեպքում, որից հետո ստեղծվում է հանձնաժողով, որն էլ եզրակացություն է ներկայացնում:

Ուսումնասիրության դեպքում հնարավոր է, որ էլի արտագրություններ պարզվեն, նշեց Գոգյանը՝ հավելելով, որ կա շատ նուրբ հանգամանք՝ մարդիկ օգտվում են այլ գրքերից ու մասամբ վերապատմում, ավելացնելով իրենց հետազոտությանը, հենց սա տարանջատելը շատ բարդ է:

 

«Մենք որևէ մեկի գործունեությունը չենք սահմանափակում, յուրաքանչյուր մարդ ազատ է օգտվել ԲՈՀ-ում պահվող փաստաթղթերից: Բայց եթե ինձ հարցնեք՝ ասեք մեկին, ով իր ատենախոսության մեջ արտագրել է, բնականաբար ես չեմ ասի»,-նշում է նա:

Ըստ Գոգյանի՝ տարին իրենց  համար աղմկահարույց ստացվեց։ Բայց նաև կարևոր փոփոխություններ ձեռնարկեցին, որպեսզի ատենախոսությունների հետ կապված խնդիրներ չլինեն․ «Մենք ստեղծել ենք նոր հարթակ, որտեղ ասպիրանտները պետք է նշեն, թե որ փուլում է իրենց աշխատանքը գտնվում, ինչ գրքերից են օգտվում, երբ են ավարտելու աշխատանքը: Եվ ամենակարևորն այն է, որ այդ հարթակից բոլոր՝  նույնիսկ հասարակ քաղաքացիները կարող են օգտվել: Այսինքն՝ ամեն ինչ թափանցիկ է լինելու»:

Գոգյանը նաև անդրադարձավ ԲՈՀ-ի ընդհանուր գործունեությանը՝ նշելով, որ այն վերջին շրջանում փոխվել է ՝ հիմա զբաղվում  են նաև գիտական բովանդակությամբ, նախկինում դա իրենց խնդիրը չի եղել, բայց վիճակն այնպիսին է, որ պետք է զբաղվեն:

 

«Կան այնպիսի  հարցեր, որոնք շատ շտապ լուծում են պահանջում, օրինակ ռոմանագերմանական լեզուների դեպքում ատենախոսությունները հայերեն են, ինչքանո՞վ է դա ճիշտ»,- խոսքն ամփոփելով ասաց Գոգյանը: