Մի քանի օր շարունակվող հրաժարականների տարափում կարծես մոռացվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հավանական հրաժարականը: Եվ դա մի պարագայում, երբ մի քանի ամիս առաջ վերջինս հրաժարական տալու թիվ մեկ թեկնածուն էր: Դատախազության կողմից հարուցված քրեական գործերի մեծ մասը արդյունքում ջուր դուրս եկավ, որևէ գործ այդպես էլ ավարտին չի հասցվել, և եթե այս ամենը համեմենք Դավթյանի անձի շուրջ պարբերաբար ի հայտ եկած սկանդալներով, ապա ավելի քան տարակուսելի է, որ Փաշինյանը չի փորձում ազատվել նաև նրանից:
 
Եղավ մի շրջան, երբ Դավթյանը հայտնվեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության թիրախում: Դա այն փուլն էր, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը նոր-նոր էր մտնում դատարան: Այս փուլում վերոնշյալ հարձակումները առավելապես ուղղված էին Դավթյանի գործողությունները վերահսկելուն և ուղղորդելուն: Այնուհետև այդ հարձակումները տարօրինակ կերպով դադարեցին:
 
Ի վերջո ինչո՞ւ է Փաշինյանը պահում Դավթյանին: Դրա համար կա մեկ բացատրություն. եթե վարչապետն այս փուլում հեռացնի գլխավոր դատախազին, ով հանդիսանում է Մարտի 1-ի քրեական գործի գլխավոր կուռատորը, ապա երբ գա մի իրավիճակ, երբ գործը կկանգնի քանդվելու վտանգի առջև, Փաշինյանը «ժերտվա» տալու թեկնածու չի ունենա: Այս առումով Դավթյանը փայլուն թեկնածու է, նախորդ համակարգի ներկայացուցիչ, ում կարելի է մեղադրել որոշ փաստեր կոծկելու կամ քրեական գործերը բացահայտելու գործում ոչ բավարար էնտուզիազմ դրսևորելու մեջ: Ստացվում է, որ Փաշինյանը ընդամենը հետաձգում է Դավթյանին հեռացնելու պահը՝ վերջինիս ավելի թանկ գնով զոհաբերելու համար: