ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Հ.-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար, մասնավորապես՝ նշված դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների և այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու չնախատեսված ժամերի սնունդ և այլ իրեր սահմանված կարգի խախտմամբ քրեակատարողական հիմնարկ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, ով Վանաձոր քաղաքի բնակչից 2019 թվականի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել և ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար գումարը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է' առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև՝ Ձերբակալվել է «Կոշ» ՔԿ-ի պետ Լյովա Բաղդասարյանը