Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար  Խաչատրյանը, ով  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։  Խաչատրյանը մեղադրվում  է պաշտոնական դիրքի չարաշահման և պետական միջոցերի վատնման մեջ։  ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, որ նման բացահայտումներ ԱԺ-ի շենքում հնարավոր է էլի լինեն.

«Սա ոչ առաջին ձերբակալությունն է, ոչ էլ՝ վերջին։ Եթե Խաչատրյանը ինչ-որ  անօրինական պրոցեսների է մասնակցել, կամ հենց ինքն է հեղինակը, ապա  պետք է օրենքով պատասխանատվություն կրի։ Չեմ կարծում, թե դա հետևողական աշխատանքի արդյունք է կամ միտում ունի ինչ-որ մարդկանց վախեցնելու, ուղղակի այս պահին է բացահայտում  եղել, արդյունքում՝ հիմա ենք իմանում»,- ասաց Բաքոյանը։

Ըստ պատգամավորի՝ սա լավ աշխատանքի արդյունք է։ Ու չի բացառվում, որ էլի նման բացահայտումներ լինեն, քանի որ ոչինչ բացառված չէ։

 

Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորից հարցրինք նաև իր տեսակետը, թե ինչ կարծիք ունի ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների վերաբերյալ:

«Մեր ներքաղաքական դաշտում բնականոն գործընթացներ են տեղի ունենում, արտառոց ոչինչ չկա։ Անհանգստանալու խնդիր էլ չեմ տեսնում։ Ճիշտ է, վերջին  օրերին  շատ կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, բայց դա էլ է բնական»,- ասում է նա։  

Ըստ մեր զրուցակցի՝ չարժե մտածել, թե պաշտոնանկությունները ինչ-որ լուրջ տարաձայնությունների կամ բախումների հետևանք են։