Այսօր առավոտվանից զոհված զինվորների մայրերն ակցիա են իրականացնում և դրամական փոխհատուցում պահանջում Կառավարությունից: Կառավարության նիստից հետո Փաշինյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպեց սևազգեստ մայրերի հետ: Հիշեցնենք՝ վերջիններս բողոքում էին, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:
 
Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ դառնալուց հետո Կառավարությունը վճարում է 2008 թվականից հետո եղած դեպքերի համար. «Ես ասել եմ, որ մեր խնդիրն է այդ վճարներն իրականացնել 1990-ականներից սկսած, իսկ դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն, պետք է 1000 դրամների հիմնադրամների գումարներն ավելանան»: Փաշինյանը նշեց, որ որպես վարչապետ՝ ինքն ամաչում է, որ հիմա այսպիսի հարց է բարձրացվել. «Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչև այսօր լուծված չէ»:
 
Եղան նաև միջադեպեր, մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականից Փաշինյանը փորձեց ճշտել, թե ինչու վերջինս չի վաճառել գեներալի ունեցվածքը և չի բաժանել ստացված հասույթը տարածքում հավաքված բողոքող մայրերին՝ կառավարության դիմաց վերջիններիս հետ բողոքելու փոխարեն: Դրանից հետո Փաշինյանը մտավ կառավարության շենք և նրան մոտեցավ մի քաղաքացի, որը նրանից վիրահատության գումար խնդրեց, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ անձամբ կվճարի գումարի կեսը:
 
Վարչապետի այսօրվա հանդիպումը բացահայտում է այն տխուր իրականությունը, որում հայտնվել են Փաշինյանն ու նրա իշխանությունը: Հեղափոխության հաղթանակից անցել է մեկուկես տարի, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել ձևավորել կենսունակ համակարգ, ու այնպիսի տպավորություն է, որ նա երկրում աշխատող միակ պաշտոնյան է, որը պարտավոր է զբաղվել թե՛ Չարենցավանի դպրոցներից մեկի տնօրենի հարցով, թե՛ Երևանի քաղաքապետի տապալված աղբահանությամբ, թե՛ ուժային և իրավապահ համակարգի «կուռացիայով», թե՛ սևազգեստ մայրերի բողոքներին ընթացք տալով ու լուծում գտնելով, թե բազմաթիվ այլ խնդիրներով, որոնք նորմալ իշխանության պարագայում ունեն կոնկրետ այլ հասցեատերեր։
 
Հասկանալի է, որ ոչ մի վարչապետի, ղեկավարի վարկանիշ չի կարող դիմանալ, երբ նա պատասխանատու է դառնում երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար ու ստիպված է պատասխան տալ երկրի գրեթե բոլոր պաշտոնյաների անգործության համար։ Չեն կարող դիմանալ նաև նյարդերը: Ահա այդ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, ամոթալի է, որ երկրում դեռ կան կուտակված նման հարցեր և խնդիրներ, սակայն այդ հարցերը և խնդիրները պետք է լուծի քաղաքական թիմը, համապաստխան մարմինները, որոնք ստեղծվել են, հարկատուների հաշվին, պահվում են հենց այդ գործառույթները հավուր պատշաճի իրականացնելու համար: Սակայն, վերջիններիս թերանալը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, և Հայաստանում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանության ողջ «բեռը» ընկնում է մեկ պաշտոնյայի ուսերի վրա: Հասկանալի է, որ Փաշինյանի համար դժվար է խոստովանել, որ մեկ տարի առաջ սխալ ընտրություն է կատարել, սակայն հիմա ավելի լավ է դադար վերցնել՝ այս կամ այն պաշտոնյայի ձախողված քաղաքականության ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, որովհետև այդ պարագայում հասկանալի չէ՝ դեռ որքան այսպես «կձգի» Փաշինյանը...