Վրացահայ ակտիվիստ Վահագն Չախալյանն անդրադարձել է իր հասցեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից արված հայտարարություններին:

Չախալյանը, մասնավորապես, նշել է.

«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխայիլ Սահակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:

Ազատ արձակվելուցս հետո Սահակաշվիլիի կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ եւ օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: Սահակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու եւ դրա դեմ ջավախքահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:

Սահակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն եւ սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին եւ արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում եւս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախքահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունք՝ դրանք օգնեցին սեւեռել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:

Իմ ազատ արձակումը, այո, վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսեւորում էր, բայց այն նաեւ մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով եւ միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչմամբ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում իմ խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ խնդրի բարձրացմամբ եւ այլն:

Ինչպես եւ Սահակաշվիլիի կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ այս հայտարարությունը եւս իմ փաստաբանների կողմից որպես լրացուցիչ ապացույց ուղարկվելու է Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Վահագն Չախալյանի ազատ արձակմանը, նշել էր. ««Չախալյանին ազատել չէր կարելի։ Նա ավերեց վրացական համալսարանն ու վրացական թեմը։ Կարդացեք նրա մտքերը։ Այդ մարդը գրքեր է գրել, թեեւ մտավորականի տեսք չունի։ Նա բանտից դուրս կգար վեց տարուց», - ասել է Սահակաշվիլին եւ նկարագրել, թե ինչ կլիներ վեց տարուց. Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի երկաթուղային առանցքային հանգույցներից (նկատի ունի Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին), տարածաշրջանում արդեն 10 նոր ՀԷԿ կար, կենսամակարդակը կաճեր 2-3 անգամ, եւ «6 տարի անց Ջավախքի բնակչության բացարձակ մեծամասնությունը վրացերեն կխոսեր:

Եթե Չախալյանը հասարակ հանցագործ էր, երեկ ի՞նչ էր անում խորհրդարանում»։