Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի օգնական է նշանակվել Սուրեն Ղամբարյանը։

Վերջինս ընդամենը 20 օր առաջ հենց վարչապետի որոշմամբ ազատվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից, որում նշանակվել էր 5 ամիս առաջ՝ մարտի 11-ին։ Մինչ այդ նա պաշտոններ է զբաղեցրել նաև ՊԵԿ-ում և ՊՎԾ-ում, որտեղ առաջացած խնդիրների հետևանքով ասել են՝ դիմում գրի և հեռանա։ Ասում են՝ Սուրեն  Ղամբարյանի համար Հայկ և Նաիրրի Սարգսյաններն են երաշխավոր կանգնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, նա էլ նշանակել է պաշտոնի։ 

Նշենք, որ Սուրեն Ղամբարյանի անունը հայտնի է մի շարք աղմկոտ դեպքերից։ Մասնավորապես, սոցապում պաշտոնի անցնելուց հետո մամուլը պարբերաբար գրում էր նրա և ԱԺ իմքայլական Հայկ Սարգսյանի մտերմության մասին, ում հովանավորչությամբ էլ Ղամբարյանը նշանակվել էր պաշտոնի։ Հատկապես որ տևական ժամանակ է` խոսվում է նաև այն մասին, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունը եղբայրների հոր՝  Զարեհ Սարգսյանի ձեռքում է, իսկ նախարար Զարուհի Բաթոյանին էլ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Ղամբարյանը կարող է առաջ տանել նրա շահերը։

Մամուլը նաև գրում էր, որ Ղամբարյանը Սոցապում հակահեղափոխություն և կադրային ջարդ էր սկսել՝ յուրայիններին տեղավորելով։ Խոսակցություններն ավելի ուժգնացած, երբ նրա և գործընկերների միջև ֆեյսբուքյան փոխհրաձգույթուններ սկսեցին։ Բանն այն է, որ Ղամբարյանը բաց տեքստով աշխատանքից ազատվելու մասին ասել էր իր առաջին տեղակալ Արայիկ Պարոնյանին, մյուս տեղակալ Արսեն Օհանյանին և գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանին: Նրանց միջև աշխատանքային տարաձայնությունները գրավել էին մամուլի և սոցցանցի ուշադրությունը։

Արսեն Օհանյանը պնդում էր՝ Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ էր ստեղծել, ցանկանում էր, որ մյուսներն էլ իր ոճով աշխատեն՝ ինքնահաստատվելով մյուսների վրա, ինչը սակայն Ղամբարյանը հերքում էր։ Այս իրադարձություններից հետո Ղամբարյանն աշխատանքից ազատել էր Սոցապծառայության պետի օգնականին։ 

Թեև սեպտեմբերի 3-ին պաշտոնից ազատվելուց հետո խոսակցություններ կային, թե այս պատմություններից հետո Փաշինյանը բռնել է Բաթոյանի կողմը, ոչ թե՝ Սարգսյանների, սակայն վերջին իրադարձությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում։