ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անրադարձել է Ջորջ Սորոսի հետ հարաբերություններին և վերջինիս ֆոնդի՝ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության մեջ ունեցած ավանդին:
«Դավոսի ֆորումին իմ մեկնելուց առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային ծանր ու խիտ գրաֆիկի պատճառով չհաջողվեց նրա՝ հանդիպման խնդրանքը բավարարել»,- Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը հնչած հարցերից մեկին ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, ուշագրավ է, որ Սորոսի մասին հայտարարությունը Փաշինյանը անում է հենց ԱՄՆ-ում, Հայաստանում էլ եղել են առիթներ, երբ վարչապետին հարց է ուղղվել կապված հեղափոխության արտաքին շահառուների հետ, սակայն ԱՄՆ-ից արված հայտարարությունը ունի որոշակի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Ստացվում է՝ Փաշինյանը հենց ԱՄՆ-ում հրաժարվում է, կամ եթե կուզեք՝ «խաչակնքվում» է Սորոսից և վերջինիս հիմնադրամից: Փաշինյանը, ըստ էության, փորձում է մինիմալի հասցնել արտաքին ուժերի, ցանցերի ազդեցությունը ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վրա: Դա առաջին անգամ արտահայտվեց՝ արդեն իսկ հրաժարական տված Բոլթոնի պլանը մերժելով:

Ամերիկյան շրջանակներում համարում են, որ Փաշինյանի հետ քաշվելը տեղի է ունեցել ՌԴ-ի, զինվորականների, Արցախի էլիտայի, ՀՀ նախկին իշխանությունների ու հայաստանյան ազգային ուժերի ճնշման արդյունքում: Այդ դիմադրությունը կոտրելու նպատակով էլ Սորոսը ֆինանսավորելու էր «քաղաքացիական հասարակությանը», որպեսզի դիմադրության ռեսուրսները զրոյացվեն: Ասել է թե՝ Հայաստանի «ժողովրդավարացման» գինը լինելու է Արցախի հարցում Փաշինյանի ձեռքերն ազատելն ու նրա քայլերի դեմ դիմադրությունը վերացնելը: Բայց արդյո՞ք Փաշինյանը կհամաձայնի այդ «ձրի պանրին», հատկապես երբ Հայաստանում այսօր ծայր առած՝ հիմնականում ընդիմադիր շարժումները, լիովին բավարար են Փաշինյանին՝ ժողովրդավարության շղարշը ապահովելու համար: Ըստ էության, ԱՄՆ-ում արված հայտարարությունը նշանակում էր, որ Փաշինյանը որոշել է հրաժարվել այդ «պանրից»՝ մերժելով նաև Սորոսին: