Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօրվա Հայաստանն ինձ հիշեցնում է 1997-ի Հայաստանը։ 1996-ի խայտառակ «ընտրություններից» հետո պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող մնալ նախագահ՝ հանրության մեծամասնության համար նա անընդունելի էր, իսկ քաղաքական դաշտը բաժանված էր իրարամերժ թշնամի հատվածների ու այդպես այլևս շարունակել հնարավոր չէր։

Հիշեցնեմ, որ այն ժամանակվա ընդդիմության մի զգալի հատվածը (հարյուրավոր մարդիկ) անցել էին բանտերով, նրանց մի մասն այնտեղ խոշտանգվել էր (բառի ուղիղ իմաստով), բազմաթիվ լրատվամիջոցներ էին փակվել, այդ թվում նաև ոչ կուսակցական «Ա1»-ը։
Նման իրավիճակում նոր ընտրություններ անցկացնելն անհնարին էր։ Ընտրվեց կոմպրոմիսային տարբերակ, վարչապես նշակվեց մի անձ, ով ընդունելի էր և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։ Դա ճգնաժամի հաղթահարման տարբերակ էր, իսկ ընտրություններն անցկացվեցին ավելի ուշ ժամանակահատվածում։

Այսօր նույնպես Հայաստանը տարանջատված է թշնամի բևեռների, գուցե ավելի մեծ պոտենցիալով։ Այսօր Հայաստանը պատրաստ չէ նոր ընտրությունների, սակայն Նիկոլ Փաշինյանը ևս չի կարող շարունակել մնալ վարչապետ ու դրանում ինքն է մեղավոր։ Իշխանափոխությունից հետո նա պետք է նոր ռեֆորմների շուրջ համախմբեր հանրությանը, սակայն որևէ համակարգային փոփոխություններ չկատարվեցին, իսկ հռետորաբանության առումով շարունակեց ավելի հուժկու ներազգային թշնամություն սերմանել։ Այսօր նրան հանրության մի զգալի հատված չի վստահում (ընդունեք, թե չընդունեք դա), սակայն նոր ԱԺ ընտրություններին Հայաստանը պատրաստ չէ։

 

Կարծում եմ, որ գործող ԱԺ-ն (որքան էլ այն անորակ չլինի), պետք է որոշ ժամանակ շարունակի իր գործառույթը, սակայն պետք է ընտրվի նոր վարչապետ։ Այնպիսի անձ, ով ընդունելի լինի հանրության թշնամացած հատվածների, ինչպես նաև ԱԺ-ի տղաների ու աղջիկների համար։ Մեզ որոշ ժամանակ քաղաքական դադար է անհրաժեշտ, որի ընթացքում պետական հաստատությունները տուրբուլենտության գոտուց դուրս գան, քաղաքական համակարգը սկսի ձևավորվել, որից հետո նոր կմտածենք արտահերթ ընտրությունների մասին։ Հակառակ դեպքում արտահերթ ընտրություններն, այսպես, թե այնպես, լինելու են, սակայն դա կլինի ցնցումների ուղեկցուցյամբ։

Հ․Գ․ Հիշեցնեմ, որ 1996-ի հենց այս օրերին Երևանում ընթանում էին հուժկու ցույցեր, իսկ զինված ուժերը մտցվել էին քաղաք։ Այդ «ընտրություններից» հետո, մինչ այժմ, Հայաստանի քաղաքական համակարգը չի կորողանում հունի մեջ ընկնել»։