Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ: Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը' ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը' վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով:

Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը' ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն և վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (Big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ։