ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա նա գործում, Դավթյանը պատասխանեց. «Հետագան ըստ ապացույցների կերևա»:

Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին:

Դավթյանի խոսքով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է: Յուրաքանչյուր դետալ և այնպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսին այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքն է (սեպտեմբերի 23-ին նրա դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով), ունենալու է իր առանցքային նշանակությունը որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար: