Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքներին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու մասով:

«Մեղադրանքն անհիմն է. դա հերյուրանք է, բեմադրված շոու։ Լավ կլիներ, որ վկայի կարգավիճակով լսեին, նոր այդպիսի հայտարարություն անեին, բայց ոչ, իրենք մարդու պատվի հետ են խաղում, ուզում են հեղինակությունս ոտնատակ տալ, բայց չի ստացվելու։ Քննություն կտարվի, ու ճշմարտությունը կբացահայտվի, ինչը սարերի հետևում չէ։ Մի անգամ կանչել են մի անհեթեթ բանի համար հարցաքննության ու միանգամից սենց մեղադրանք են առաջադրել»,- նշեց նա:

Նախկին ոստիկանապետը համաձայն չէ հաղորդագրության մեջ ներկայացված փաստարկների հետ․ «Հանցագործությունը կոծկելու, պաշտոնական դիրքը չարաշահելու և այլն, ոչ մեկի հետ ես համաձայն չեմ, դրանք իրականության հետ աղերս չունեն»։

Նա նշեց, որ ինքն անմեղ է և պաշտպանվելու կարիք չունի, ուստի փաստաբան դեռ չունի. «Երբ զգամ՝ իմ դեմ դավեր են նյութում, և փաստաբանի կարիք կա, բնականաբար կունենամ: Ես անմեղ եմ, ինչի՞ց պաշտպանվեմ, ումի՞ց պաշտպանվեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Սոնա Հարությունյան