Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը որպես նվիրատվություն ընդունվել է կառավարության կողմից, կշահագործվի պետության կարիքների համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ավելացնելով, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ շարժական և անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:

Բաբայանի խոսքով՝ հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ եղել են:

Հարցին՝ ստուգվե՞լ է գույքի օրինական ճանապարհով ձեռք բերված լինելու հարցը, Բաբայանը նշեց : «Ձեր ձևակերպումն այնքան էլ այդպես չէ, որ ստուգվում էր ձեռքբերման օրինականությունը: Ձգձգման պատճառներ են եղել տարբեր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ, որովհետև կային գույքը ընդունելու տարբեր միջոցներ՝ ուղղակի գույք, թե որպես ՍՊԸ և այլն»,-ասաց Բաբայանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում եղել է գույքի գույքագրում և գնահատում, ինչպես նաև հարկազատման հետ կապված քննարկումներ են անցկացվել:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին: