Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շերտի վաճառքը: Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»: Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքը թույլատրվում է Կառավարության որոշմամբ»: Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարությունը հողի բերրի շերտը, հայտնի չէ:

Գաղտնիք չէ, որ նման մի նախագիծ նախկինում առաջարկել է ՀՀԿ-ն, դեռևս Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում, մինչդեռ այն ժամանակվա ընդդիմադիրները դեմ են եղել՝ համարելով այս նախագիծը ազգակործան: Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ նախագիծը ազգակործան էր երկու տարի առաջ, իսկ այսօր արդեն միտված է ազգի փրկությանը: «Իմ Քայլի» մոտ հետաքրքիր տենդենց է նկատվում: Այս քաղաքական թիմը կտրականապես հրաժարվում է կատարել սեփական նախընտրական խոստումները, սակայն մեծ ջանասիրությամբ և եռանդով օրակարգ է բերում այն առաջարկությունները և նախագծերը, որոնք նախկին իշխանության հոգեզավակներն են, և ավելին՝ ժամանակին կտրուկ դիմադրության են արժանացել ընդդիմադիրների, այսօր արդեն իշխանության ղեկը իրենց ձեռքը վերցրածների կողմից:

Այդպես եղավ կուտակային կենսաթոշակային ֆոնդի հարցում, այդպես եղավ համայնքների խոշորացման հարցում, այժմ տեսնում ենք, որ նույնը կրկնվում է Հողային օրենսգրքի հարցում: Դժվար է ենթադրել, որ «Իմ Քայլը» կհրաժարվի նախկինների առաջարկները կյանքի կոչելու այս զավեշտալի ծրագրից, քանի որ չափից դուրս ակնհայտ է քաղաքական թիմի մոտ սեփական պրոդուկտ ստեղծելու ունակության պակասը: Սակայն այս դեպքում էլ ստացվում է, որ այն ժամանակ ընդդիմության կարգավիճակով Փաշինյանն ու իր թիմը պարզապես դասական պոպուլիզմով էին զբաղվում և ընդամենը կեղտ էին փնտրում քաղաքական օպոնենտների վրա՝ այսօր արդեն այդ կեղտը մաքրելով և դարձնելով սեփական քաղաքական գիծ: