ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիմնավոր է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած ԱԺ դիմումը:

Բադասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«ԱԺ-ն, օգտվելով իրեն վերապահված լիազորությունից, ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում: Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են, և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր եմ համարում ԱԺ դիմումը»,- նշեց Բադասյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ներկայացրած ռազմավարության մեջ նույնպես նշված է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ՍԴ-ի մոդելը: