Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել վերջին տնտեսական ցուցանիշներին և նշել, որ ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում: Արդյո՞ք դա այդպես է: 2019 թ. սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2,5%, դրանից առաջ՝ 2,8, ապրիլին՝ 2,2 և այլն: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2,5%: Այսպիսով, սննդամթերքի համար 2019 թ. հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2,8 %, նախորդ ամսվա աճը եղել է 4,8 %, մասնավորապես՝ հացը թանկացել է 5,5 տոկոսով, ձուն՝ 38,9 %-ով միսը՝ 3,1 %, կարտոֆիլը՝ 75,4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)՝ 13,6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3,6 %-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%- ով: Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6,2 % աճ: Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1,7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1,1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0,5 % և 1,3%-ով: Օգոստոսին գնաճը մեղմվել է, սակայն դա ոչ թե միջամտության, այլ շուկայի բնականոն տրանսֆորմացիայի արդյունք էր:

Հիշեցնենք, որ 2018թ-ին հունվար ամսին «Ելք» դաշինքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և իր նախկին գործընկերները դուրս էին եկել փողոց և պայքարում էին գնաճի դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայքարում են ոչ միայն թանկացումների, այլ թանկացնողների դեմ: Սակայն, մինչ այս պահը՝ ունենք հետևյալ պատկերը. մինչ կառավարությունը զսպում է բյուջեի ծախսերը, Կենտրոնական բանկը ստիպված էժանացնում է փողը' փորձելով ակտիվացնել գնաճը։ Թե դա ինչպե՞ս է ազդում գների կայունության վրա, արդեն իսկ ակնհայտ է: Էժանացնելով փողը և խթաններ ստեղծելով տնտեսության ու գնաճի ակտիվացման համար' դժվար է ասել, թե Կենտրոնական բանկը որքանով է հաշվարկել այս բոլոր ռիսկերի հնարավոր ազդեցությունները։ Գնաճով առանձնապես հետաքրքրված չէ նաև ՏՄՊՊՀ-ն, որի ղեկավար Գեղամ Գևորգյանը թեև գնաճ նկատել է ի տարբերություն Փաշինյանի, սակայն քայլեր գնաճի մեղման ուղղությամբ ձեռնարկել կարծես թե չի պատրաստվում: Ուշագրավն այստեղ այն է, որ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանին որևէ կերպ Փաշինյանի թիմի անդամ չես անվանի, վերջինս ավելի քան տեղավորվում է նախկին իշխանությունների «մարդ» բանաձևի մեջ:

Գեղամ Գևորգյանը նույնպես նորեկ չէ քաղաքական դաշտում, պարզապես անցնելով պետական ծառայության բավական երկար ճանապարհ՝ այժմ հանգրվանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի «թևի» տակ, ընդ որում, թևի՝ բառի քաղաքական իմաստով: Հետևաբար, ի՞նչ է ստացվում. Փաշինյանն արձանագրում է, որ գնաճ չկա, սակայն ԿԲ-ն արել է այնպես (կամա թե ակամա), որ այն կա և լինելու է ապագայում, իր հերթին ՏՄՊՊՀ-ն մատը մատին չի խփում, որպեսզի այդ գնաճի պատճառները վեր հանվեն, իսկ գնաճը՝ մեղմվի: Արդյունքում, իհարկե, տուժում է վարչապետի վարկանիշը, քանի որ առավոտյան խանութ այցելած տնային տնտեսուհիները հետագայում համադրելու են ցուցանակների վրա արձանագրված գինը և Փաշինյանի գրառման մեջ առկա պնդման անհամապատասխանությունը: Մնում է հասկանալ. սա սաբոտա՞ժ է ընդդեմ Փաշինյանի, թե՞ պարզապես համակարգը իսկապես «սբոյ» է տվել…