Ազգային ժողովի կայքէջում հայտնվել է մի նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել վիճակախաղերի մասին օրենքում: Ուշագրավը հատկապես նախագծի 5-րդ կետն է, որը սահմանում է. «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»,- տառացի ասված է առաջարկում:

Պարզվում է՝ մանկամսուրային ձևակերպումներով այս նախագծի հեղինակը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն է:

Պատգամավորն առաջարկում է փոփոխությունն ուժի մեջ մտցնել 2 տարի հետո, խաղատներին ժամանակ տրամադրելով փոխել իրենց ռազմավարությունը: Ինչ վերաբերում է տույժ-տուգանքներին, ապա պատգամավորը դրանց չափը չի նշել: Ինչպես գրված է նախագծում՝ դրանք ենթակա են քննարկման և փոփոխության: Պատգամավորն առաջարկում է խաղատուն (կազինո) մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիների համար սահմանել տուրք տարեկան 000 դրամի չափով, որը նրանք պարտավոր են մուծել տարեկան մեկ անգամ, ինչը հնարավորություն կտա մուտք գործել խաղասրահ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը: Իսկ տուրքը մուծելուց հետո նրանց կտրվի հատուկ վկայական, որի առկայության դեպքում միայն անձը իրավունք կունենա մուտք գործել խաղատուն: Մեկ այլ առաջարկով էլ՝ համանման տարեկան տուրք սահմանել նաև առցանց և գրասենյակային վիճակախաղերից օգտվելու համար և տարեկան տուրք սահմանել նախնական 000 դրամ:

Նկատենք, որ պատգամավորի «մտքի թռիչքն» արդեն լայնորեն քննարկվում է, փորձագետներ են եղել անգամ, որ ծաղրանքով են արտահայտվել նախագծի մասին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վիճակախաղերի սահմանափակման վիճելի նախագիծը լարել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները:

«Երբ խոսվում էր այն մասին, որ գրասենյակների փակման դեպքում մարդիկ կտեղափոխվեն համացանցում խաղադրույք կատարելուն, Սիմոնյանը հերքում էր դա, որովհետև հեռախոսով դժվար է խաղադրույք կատարել, բայց երբ խոսք եղավ, որ կարող են զանգել Մեղրի ու պատվիրել իրենց անունից խաղադրույք անել, Սիմոնյանն ասաց, որ դրա փոխարեն հեռախոսով կանեն իրենց խաղադրույքը։ Ընդամենը 5 րոպեում պարոն Սիմոնյանն իր առաջարկած մտքին հակասեց … Պարո՛ն Սիմոնյան, խնդրում եմ Ձեր ասածներին 5 րոպեի ընթացքում մի հակասեք»,– դեռևս ապրիլ ամսին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ահա, թե որտեղից է առաջացել «5 րոպեից կբերեմ» արտահայտությունը:

Սոնա Հարությունյան