Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան միջադեպ էր եղել Ռ. Քոչարյանի գործը քննող դատավորի և ակտիվիստների միջև: Դեպքը բուռն արձագանք գտավ ինչպես հասարակության լայն շերտերում, այնպես էլ՝ վերին օղակներում: Արդյունքում՝ դատավոր Ա. Դանիբեկյանը թիկնապահ ունի: Դատավորների անձեռնմխելիության թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

«Ես ուրախ կլինեի, եթե այս ամենը շրջանառվեր այն ժամանակ, երբ հարձակվում էին դատավորներ Ա.Ազարյանի  ու Դ. Բալայանի վրա, իսկ երբ ներկայիս իշխանությանն ակնհայտորեն սպասարկող դատավորի հանդեպ է դա արվում, իսկ այս պահին հենց այդպես է, ինձ մոտ միայն քմծիծաղ է առաջանում»,- նշեց Աթանեսյան:

Ըստ փաստաբանի՝ շատ բնական ու ճիշտ է, որ դատավորների անվտանգությունն ապահովված  լինի. «Բայց ի՞նչ անվտանգություն, չեն կարող չէ՞ բոլոր դատավորներին տրվեն թիկնապահներ»,- ասում է Աթանեսյան:

 

Նա նշեց, որ, օրինակ, ԱՄՆ-ում դատավորները զինված են և, ըստ անհրաժեշտության, կարող են կրակել, եթե ոչ մարդու վրա, ապա գոնե օդ՝ վախեցնելու նպատակով:

Մեր այն հարցին, թե այս մեթոդը հնարավո՞ր է կիրառել մեր երկրում, կամ ե՞րբ հնարավոր կլինի կիրառել` փաստաբանը պատասխանեց. «Երբ Հայաստանում կունենանք դատավորներ, այդ ժամանակ էլ կկիրառենք: Նախ պետք է ստեղծել դատական համակարգ»,- խոսքն ամփոփելով ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Աթանեսյանի նշած դատավորներից Ա. Ազարյանի որոշմամբ 2018 թվականի օգոստոսի 13-ին Ռ. Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից, ինչը իշխանության համախոհների կողմից մեծ քննադատության էր արժանացել, դատավորն այդ ընթացքում բիրտ ճնշումների էր ենթարկվում:

Դատավոր Դ. Բալայանի անունն ավելի հայտնի դարձավ այս տարվա գարնանը, երբ նա իր աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով փորձեց դատարան մտնել շենքի պատուհանից, քանի որ քաղաքացիները վարչապետի կոչի հանաձայն, փակել էին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը: