Ջրային ոլորտում երկար տարիներ ի վեր վխտացող կոռուպցիայի, տոտալ թալանի ու դե ֆակտո մենաշնորհային իրավիճակի մասին արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվորեն ահազանգվում ու խոսվում է: Խնդիրները ոլորտում շատ են: Սակայն, կարմիր թելի պես, անցնում է կոռուպցիոն բարձր ռիսկայնությունը, որն առկա է այստեղ, և որի դեմ օրերս ԱԺ ամբիոնից պատերազմ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ սպառնալով «հատ-հատ մտնել ՋԸՕ պետերի տուն, ստուգել նրանց ունեցվածքը»: Գաղտնիք չէ, որ, օրինակ, նույն ՋՕԸ-ների տնօրենի պաշտոնը ոչ բարեխիղճ աշխատողների համար բավականին եկամտաբեր է և կարելի է այստեղ շատ հանգիստ՝ առանց մեծ աղմուկ հանելու, «ձեռքերը լավ տաքացնել»:

Զուր չէ, որ ՋՕԸ-ների պետերի պաշտոնները հաճախ զբաղեցնում են իշխանավորների բարեհաճությունը վայելողները: ՋՕԸ-ների պետերին նմանեցնում էին տեղական «օլիգարխիկների» հետ՝ կամայական վարվելակերպով, որոնք բնության պարգևած ջրի միջոցով լուծում են անձնական խնդիրներ: Հայաստանում գործում են ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), որոնք ջուր են մատակարարում 618 համայնքի մոտ 200 հազար ջրօգտագործողների: Բնական է, որ նախորդ համակարգն առանձնապես չէր ձգտում բարեփոխխել ոլորտը, հաշվի առնելով, որ ինքն էլ իր «փայն» ուներ, Փաշինյանի նշած, ջրային մաֆիայի եկամուտից: Սակայն, այս իշխանությունները, որոնք, ըստ էության, եկել էին պայքարելու նախորդ համակարգի կոռուպցիոն երևույթների դեմ և «հատ-հատ մտնել ՋԸՕ պետերի տուն, ստուգել նրանց ունեցվածքը»՝ չեն շտապում քայլ անել՝ ոլորտը առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ: Նախարար Սուրեն Պապիկյանը, ում կուռացիայի տակ է դրվել ջրային ոլորտը, նախընտրել է ոչ թե փակել ՋԸՕ-ն, ինչպես նախկինում էին խոստանում անել, այլ համալրել դրանք յուրայիններով: Իսկ ջուրը ինչպես գյուղացուն չէր հասնում, այդպես էլ չի հասնում. դժվար չէ կռահել, թե ուր է հոսում՝ դեպի օլիգարխների ՀԷԿ-եր՝ դեպի ջրային մաֆիայի գրպան:

Ի դեպ, չնայած հավաստիացումների, այս ոլորտում այդպես էլ ցնցող բացահայտումների ականատես չեղանք, ջրային մաֆիան էլ մնաց անտեսանելի թշնամի, որի դեմ պայքարում են, սակայն պայքարն արդյունք չի տալիս: Հայաստանի հպարտ քաղաքացիները մտածելու տեղիք ունեն, եթե ավանդույթները շարունակվում են, հետևաբար շարունակվում են նաև կոռուպցիոն դրսևորումները: Եթե, ըստ Փաշինյանի տրամաբանության, ՋԸՕ-ը ջրային մաֆիայի գործիքն էին, ապա այսօր պարզապես տեղի է ունենում այդ գործիքը յուրացնելու գործընթաց, այսինքն նորերը համակարգային փոփոխության գնալու փոխարեն՝ շարունակում են նախորդների գործելաոճը, թերևս այդպես ավելի շատ քաղաքական դիվիդենտներ կարելի է ստանալ, իսկ ինչ վերաբերվում է գյուղացիներին՝ նրանք արդեն վաղուց են մատնված բախտի քմահաճույքին…