Ցածր տոկոսով եկամտաբերությամբ եվրաբոնդերի թողարկումը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մեծացել է: Այս մասին ասաց տնտեսագետ Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, համաձայն որոնց՝ ՀՀ թողարկած եվրաբոնդերի եկամտաբերությունն աննախադեպ ցածր էր։ Տնտեսագետը հավելեց, որ Հայաստանը կարող է ավելի ցածր տոկոսով գումար ներգրավել դրսից:

«2013 թվականին թողարկված եվրաբոնդերի եկամտաբերությունը կազմել էր 6.25 տոկոս: 500 մլն ԱՄՆ դոլարի մարումը պետք է կատարվի 2020 թվականին, որպեսզի դա բյուջեի վրա մեծ ծախս չլինի։ Մենք ոչ թե 500 մլն դոլար մարումը կատարում ենք բյուջեից, այլ կառավարությունը որոշեց այն վերաֆինանսավորել: Ստացվում է՝ մենք մեկ այլ եվրաբոնդով մարում ենք նախորդը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա: Քանի որ Հայաստանի տնտեսության նկատմամբ միջազգային շուկայում, հարթակներում վստահությունը բավական մեծացել է, հնարավորություն եղավ եվրաբոնդերի նոր թողարկումը կատարել շատ ավելի ցածր տոկոսով՝ 4.20-ով»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ եթե  երկիրը քիչ վստահելի է ու շատ ռիսկային է, ապա միջազգային շուկայում պետության արժեթղթերն ավելի բարձր տոկոսով են գնվում: Եթե երկիրն ավելի վստահելի է, ապա արդեն այդ եկամտաբերության տոկոսը ավելի ցածր է կազմում: Վերջին թողարկումը ցույց տվեց, որ եվրաբոնդերի թողարկումը 4.20 տոկոս եկամտաբերություն է ունեցել, ինչը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մեծացել է:

 

«Սա առաջին ազդակն է, և մենք կարող ենք ավելի էժան փողեր ներգրավել դրսից: ՀՀ վարչապետը նաև շեշտում է, որ հավելյալ ևս երկու միլիարդ դոլարի պահանջարկ էլ կար: Այսինքն՝ մենք ընդամենը 500 մլն դոլարի թողարկում ենք արել, սակայն շուկայում մեր եվրաբոնդերի նկատմամբ առկա էր 2 մլրդ դոլարի պահանջարկ: Դա նշանակում է, որ մենք ցանկացած պահի կարող ենք էլ ավելի էժան տոկոսով թողարկել եվրաբոնդեր և գումարներ ներգրավել»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

Միջազգային շուկայից Հայաստանի նկատմամբ դրական ազդակների համատեքստում տնտեսագետն անդրադարձավ նաև «Moody’s»-ի վերջին գնահատականներին, ըստ որի, Հայաստանի վարկանիշը բարձրացրել է: «Երբ տեսնում են, որ տվյալ պետության նկատմամբ վստահությունն ամրապնդվում է, հետևաբար դեպի այդ երկիր ներդրումներ ուղղելու հավանականությունը ևս մեծանում է»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ Հայաստանի կողմից 2019թ-ին թողարկված եվրաբոնդերի սահմանված տոկոսադրույքը վկայում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ: 2013թ-ին եվրաբոնդերը թողարկվել էին 6.25, իսկ 2015թ-ին՝ 7.50 տոկոս եկամտաբերությամբ, ապա 2019թ-ին դրանք թողարկվել են 4.20 տոկոս եկամտաբերությամբ, այսինքն՝ դրանց սպասարկումը Հայաստանի համար շատ ավելի էժան է լինելու։