Երեկ Հայաստանի 19 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ն հրապարակել է մի շարք համայնքների ընտրությունների արդյունքները, որոնք, ինչ խոսք, պետք է լուրջ ահազանգ լինեն Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի համար: Բանն այն է, որ այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից հետո արդեն երկրորդն են, որտեղ նախորդ համակարգի ներկայացուցիչներին կամ հաջողվում է պահպանել իշխանությունը, կամ՝ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին և վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, որ նախկինների վերադարձն անհնար է. այդ վերադարձը մեր իսկ աչքի առաջ իրականություն է դառնում: Երեկ էլ մի շարք ՀՀԿ-ական համայնքապետներ վերընտրվեցին իրենց պաշտոններում:
 
Դա էլ դեռ բավարար չէր, արձանագրվեց մի դրվագ, որը կարելի է բացահայտ նոնսենս համարել հետհեղափոխական Հայաստանի համար. քրեական անցյալ ունեցող անձը, ով դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աչք է ունեցել համայնքապետի աթոռի վրա, և ունենալով համապատասխան «կտուր», չի կարողացել ընտրվել, այսօր ընտրվում է Նոր Հայաստանում: Խոսքը Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանի մասին է: Եվ դա մի պարագայում, երբ իշխանությունները լծվել են գողական մշակույթի քրեականացման սուրբ գործին՝ աչքաթող անելով այն հանգամանքը, որ վերոնշյալ մշակույթի կրողները դեռևս հանգիստ կարող են իրացնել իրենց էլեկտորալ իրավունքը:
 
Սա ընդամենը ՏԻՄ ընտրություն է, սակայն նույն պատկերը կարող է կրկնվել նաև համապետական ընտրությունների ժամանակ, և խոսքը բնավ էլ ՀՀԿ ռևանշի մասին չէ: Իրականում ստեղծված իրավիճակում երբ հեղափոխությունը չի հասնում մարզեր, երբ բնակչության մի ստվար զանգված գնալով ավելի ու ավելի է հիասթափվում նոր իշխանությունների վարած քաղաքականությունից, նոր քաղաքական ուժերը, նոր ֆորմատները հաղթանակի հասնելու շատ լուրջ շանսեր են ունենալու: Եվ մեղավորության «առյուծի բաժինը» այս դեպքում հենց գործող իշխանությունների խղճի վրա է, քանի որ մեկուկես տարի բռնոցի խաղալու փոխարեն անհրաժեշտ էր դիմել համակարգային բարեփոխումների, ժամանակին բարեփոխել ընտրական օրենսգիրքը և կատարել տրված խոստումների առնվազն մի մասը: Նոր իշխանություններն այդ քայլերը չեն կատարել, և դա է պատճառը, որ այսօր արդեն լսվում է երկրորդ ահազանգը…