Այսօր Եվրասիական բարձագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես և սպասվում էր՝ վերջինիս այցը մայրաքաղաք ուղեկցվեց ակցիաներով, ինչպես ի պաշտպանություն ՌԴ նախագահի այցի, այնպես էլ ՝ դեմ: Ուշագրավն այն է, որ Պուտինի դեմ սպասվող ակցիաների մասին նախապես գրել էր մամուլը. ճիշտ է սպասվող ցույցի մասշտաբները փոքր ինչ չափազանցված էին: Ըստ աղբյուրների' Պուտինի դեմ կազմակերպվող ակցիաներին պետք է մասնակցեին տասնյակ երիտասարդներ, նաև ակտիվիստներ Վրաստանից: Սակայն այսօր բողոքի ակցիան կազմակերպվել էր Հայաստանի եվրոպական կուսակցության անդամների և Տիգրան Խզմալյանի կողմից:

Ի դեպ, Խզմալյանը երբեք չի էլ թաքցրել իր հակակրանքը Ռուսաստանի հանդեպ և այն, թե ինչպիսի անձնվիրությամբ է պաշտպանում Սորոսի շահերը Հայաստանում: Թեև ակցիան մեծաթիվ չէր, սակայն մենք ապրում ենք մեդիա տեխնոլոգիաների դարում, որտեղ անգամ մեկ անձը համապատասխան պաստառով կարող է դառնալ օրվա թիվ մեկ նյուզմեյքերը՝ համապատասխան փաթեթավորմամբ խնդիրը ներկայացնելիս: Դժվար չէ ենթադրել, որ եթե իշխանությունները ցանկանային կանգնեցնել Խզմալյանին, ապա այս ակցիան կյանքի չէր կոչվի: Մեկ այլ ակցիա էլ իրականացվել է Բաղրամյան 26-ի մոտ, որտեղ մի շարք քաղաքացիներ պաստառներ էին պարզել' պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին։ Ակցիան իրականացնում էին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ Հելսինկյան ասամբլեայի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը։ Իրականում, նմանատիպ պիկետները ձեռնտու են հենց առաջին հերթին Փաշինյանին և իր թիմին:

Կհիշեք, որ հեղափոխությունից հետո սա բնավ էլ առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը, պահելով ՌԴ հետ հարաբերությունների պաշտոնական մասը, մեսիջներ էր ուղարկում Մոսկվա՝ ի դեմս ՌԴ դեսպանատան կամ ռազմաբազայի մոտ կազմակերպված ցույցերի: Փանիկի դեպքերը, Գյումրիում ռուս սպայի կողմից կնոջ սպանության դեպքը՝ այս իրադարձությունների ֆոնին մշտապես էլ կազմակերպվել են հակառուսական ակցիաներ: Փաշինյանի նպատակը հասկանալի է, նա փորձում է ցույց տալ ռուսական կողմին, որ եթե չլինի ինքը, ապա Հայաստանում կարող են իշխանության գալ շատ ավելի ռադիկալ և շատ ավելի հակառուսական ուժեր, որոնք էլ ավելի մեծ վնաս կհասցնեն հայ-ռուսական հարաբերություններին, մյուս կողմից Փաշինյանը ցույց է տալիս, որ երկրում կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են ՌԴ վարած քաղաքականությունից: Սա էլ իր հերթին լեգիտիմացնում է իր հետագա քայլերը Կրեմլի հետ հարաբերություններում: Նման ակցիաները նաև ազդակ են արևմուտքին, որի սիրտը շահելու խնդիրը Փաշինյանը մինչ օրս չի կարողանում լուծել…