Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ավտոներկրողները։ Նրանք պահանջներ էին ներկայացրել վարչապետին ու կառավարության անդամներին, որ նոր օրենքի կիրառությունը հետաձգվի ու մինչև կիրառելը՝ փոփոխության ենթարկվի։

Այս առիթով ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ։

«Մինչև հուլիսի 1-ը հետաձգել է նոր օրենքի կիրառությունը։ Այս պահին սա մեզ լիովին գոհացնում է։ Եկող շաբաթվա ընթացքում պետք է հանդիպենք ու մնացած հարցերը նույնպես քննարկենք»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հետ կապի մեջ է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նրանից էլ կիմանան հանդիպման օրն ու ժամը։

 

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարից նախատեսված էր մեքենաների մաքսազերծումը իրականացնել ըստ շարժիչի հզորության։ Սրա արդյունքում էականաորեն ավելանալու էր այդ մեքենաների գինը։