ԵՊՀ-ում հին ու նոր կադրերի լարվածությունը գնալով սրանում է: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հարաբերություններն այնքան են շիկացել, որ անգամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կառավարման հարցը դառնում է մամուլի քննարկման առարկա: Դժվար է ասել, խնդիրը պաշտոնակատարի մեջ է, որ չի կարողանում կառավարչական հմտություններ գործադրելով լուծել պրիմիտիվ հարցը, թե խոսնակի, ով չի կարողանում կամ չի էլ ցանկանում լեզու գտնել նոր ղեկավարության հետ:

Այսպես, այսօր ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքն ու իր ստորաբաժանումն այլևս պատասխանատու չեն համալսարանի Ֆեյբուքյան էջի համար։ Նա նաև նշում էր, որ այդ ամեն արվում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրահանգով։

«Մի քանի օր առաջ համալսարանի Յութուբի էջը կոտրել ու վերցրել են։ Երեկ էլ փորձել են ՖԲ էջը կոտրել, չեն կարողացել։ Ինձ հանձնարարական են տվել, որ ադմին դարձնեմ ուրիշ մարդու, այսինքն՝ ֆբ էջն այլևս իմ պատասխանատվության տակ չէ»,- նշեց Էմին-Տերյանը։

Ըստ նրա՝ համալսարանում ուզում են, որ ինքը աշխատանքից դուրս գա։ Այդ ցանկությունը, մասնավորապես, ունի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Ես չեմ պատրաստվում աշխատանքից դուրս գալ։ Չարժե նման քայլի դիմել»,- նշեց Էմին-Տերյանը։

Ըստ նրա՝ իր հանդեպ հենց սկզբից էլ եղել է անվստահություն, որը թեպետ ինքը զգացել է, սակայն հերքել են իր մտավախությունը։ Պատճառն էլ՝ Էմին-Տերյանը չգիտի։

«Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի ներկայությամբ ինձ առաջարկեց աշխատանքի չգալ և ստանալ աշխատավարձ, ինչին ես պատասխանեցի, որ դա քրեական հոդված է»,- նշում է Էմին-Տերյանը:

Ըստ նրա՝ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն իրեն զրույցի ընթացքում միամտաբար ասել է, որ իրեն ուզում են նկատողություն տալ․ «Ենթադրում եմ, որ քննարկում է եղել ու նման որոշում կայացվել»,- ասաց նա։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի չհերքեց այն, որ փոքր-ինչ սահմանափակել է Էմին-Տերյանի աշխատանքային գործառույթները։

«Աշխատանքից դուրս գալու համար ոչինչ չեմ ասել, քանի որ մենք վաղուց չենք շփվում։ Ես իրավունք ունեմ սահմանափակելու նրա գործառույթները։ Էմին-Տերյանը համալսարանի լրատվամիջոցներն օգտագործում է իր անձնական նպատակներով, ինչն ինձ համար անընդունելի է։ Ասեմ ավելին՝ ինքը երբեմն-երբեմն աշխատանքի չի գալիս՝ պատճառաբանելով, որ նախորդ օրը երկար է աշխատել, բայց ես իրեն նման բան չեմ ասել»։