Երևանի քաղաքապետարանի և Սանիթեք ընկերության միջև ամիսներ տևած հակամարտությունը, կարծես թե, մտնում է եզրափակիչ փուլ: Ինչպես գիտենք, քաղաքապետ Հայկ Մարությանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը Սանիթեքի հետ, իր հերթին էլ Սանիթեքի ներկայացուցիչները արդեն իսկ ակնարկել են, որ դիմելու են արբիտրաժային դատարան: Եթե Մարությանը պահեր իր նախընտրական խոստումը և ընտրվելուց անմիջապես հետո խզեր պայմանագիրը՝ կխնայեր, թե՛ Երևանի բյուջեն, թե՛ սեփական քաղաքական թիմի անբիծ նկարագիրը:

Սակայն, արդեն ուշ է հետ նայելու համար և այժմ պետք է հասկանալ՝ ինչպիսի՞ն կարող է լինել այս պատմության ավարտը: Այն, որ միայն դատարանում ներկայությունը ապահովելու համար հայկական կողմը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսելու՝ անժխտելի փաստ է, դրան կարող են գումարվել այն հսկայական տուգանքները, որը քաղաքապետարանը ստիպված կլինի վճարել երևանցիների գրպանից: Այստեղ ավելի ուշագրավ հանգամանքներ էլ են ջրի երես դուրս գալիս, որոնք պետք է միանշանակ մտահոգեն Մարությանին և թիմին: Բանն այն է, որ Սանիթեքին դատախազության կողմից ներկայացված մեղադրանքում որոշակի մեսիջ կա նաև նախկին իշխանություններին, որոնք չմատուցած ծառայությունների դիմաց փաստացի վճարել են այս ընկերությանը: Հեղափոխությունից հետո Մարությանը կարող էր դադարեցնել այդ արատավոր գործընթացը և վերանայել նախկինների ձեռագիրը, սակայն նա այդպես չի արել: Ստացվում է, որ դատախազության ներկայացված մեղադրանքը, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահումը, վերաբերվում է ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաներին՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Եվ, եթե քննությունը իրոք անաչառ լինի, քաղաքապետարանի ներկայիս ղեկավարությունն էլ պետք է պատասխան տա, թե այդ ինչ ուժեր են իրենց հետ պահել, որպեսզի հրաժարվեն վճարել չմատուցվող կամ թերի մատուցվող ծառայությունների դիմաց: Սա խոսում է քաղաքապետի դիլետանտիզմի մասին, որի գործնական առաջին դառը պտուղները քաղելու ենք բոլորս միասին և շատ շուտով: Սա Մարությանի առաջին դիլետանտ քայլը չէ ի դեպ, հիշում ենք, թե ինչպես հեղափոխությունից հետո քաղաքապետարանը դուխով ձեռնամուխ եղավ շենք-շինությունների քանդման սուրբ գործին: Այնուհետև այդ շենք –շինությունների սեփականատերերը դատական կարգով ստիպել են քաղաքապետարանին ընդունել սեփական սխալը՝ շենքերը քանդվել են դուխով, բայց օրենքի խախտմամբ, և քաղաքապետարանը երևանցիների գրպանից իր սխալ որոշման հետևանքով մի քանի միլիոն պետք է վճարի սույն շինությունների սեփականատերերին…