Այսօր ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որով հորդորում էր Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը: Նա մեկնել է երկրից հանգստի նպատակով, որն, ըստ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի, պիտի տևեր 2019թ. օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 31-ը: Նշված ժամկետից անցել է շուրջ մեկ ամիս, սակայն խարդախությամբ հափշտակության մեջ մեղադրվող Անահիտ Ֆարմանյանը չի վերադարձել Հայաստան, և չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու համար: Նա նաև չի ներկայացել եւ չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ.com -ի թղթակիցը գործի հանգամանքների, մեղադրյալի վերադարձի մասին զրուցել է Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ: Պաշտպանը հեռախոսային զրույցներ է ունեցել Ֆարմանյանի հետ, սակայն չի կարող հստակ ասել, թե նա երբ կվերադառնա Հայաստան:

«Ես տեղեկություն չունեմ, թե երբ կվերադառնա Անահիտ Ֆարմանյանը: Մեր վերջին խոսակցության ժամանակ ինքն ինձ հայտնեց այն մասին, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Տիկին Ֆարմանյանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, նա վստահություն չունի Հատուկ քնչական ծառայության նկատմամբ»,-ասաց պաշտպանը:  

 

Խուդոյանը, որպես պաշտպան, հետապնդումը քաղաքական որակել չցանկացավ, սակայն պնդեց, որ մեղադրանքն անհիմն է և ոչ իրավական:

«Մեղադրանքի մեջ որևէ իրավական հիմք, որևէ տրամաբանություն չկա, չկար նաև մեկ տարի առաջ: Այն ժամանակ մի քիչ ավելի մեղմ էինք վերաբերվում, մտածում էինք, որ վարույթն իրականացնող մարմինը արդար քննության ընթացքում կպարզի նոր հանգամանքներ, կհրաժարվի մեղադրանքից, սակայն մոտ մեկ տարի անցել է, նրանք շարունակում են նույն տրամաբանությամբ մեղադրանքը առաջ տանել, ինչն էլ արդեն կասկած է հարուցում, որ իրականացվող գործողությունները կոնկրետ նպատակ են հետապնդում»,-ասաց Խուդոյանը:

Այն հարցին, թե արդյոք չեն խախտվում խափանման միջոցի պայմանները Ֆարմանյանի՝ երկրից դուրս գտնվելու և քննչական գործողություններին չներկայանալու դեպքում, պաշտպանը պարզաբանեց.«Իրավական տեսանկյունից կարող ենք խնդիր տեսնել, բայց, եթե կալանքի հարց քննարկվի, մենք կսկսենք անդրադառնալ բազմաթիվ հանգամանքների, որոնցից մեկը մեղադրանքի անհիմն լինելն է, ինչի մասին արդեն ասացի»:

 

Խուդոյանը չգիտի՝ նախաքննական մարմինը կդիմի դատարան Ֆարմանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխելու համար, թե ոչ, մինչ այս նրան այդ մասին ոչինչ չի ծանուցվել:

«Ես մինչ այժմ մի քանի անգամ բանավոր կապի մեջ եմ եղել քննիչի հետ և դեռևս ինձ նման բան չեն ասել:  Եթե նման մտադրություն լինի, ես, որպես մեղադրյալի պաշտպան, պետք է դրա մասին ծանուցվեմ, մասնակցեմ դատական նիստին: Ես դեռևս ծանուցում չեմ ստացել»:

Անահիտ Ֆարմանյնի խափանման միջոցը փոփոխելու երաշխավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի հետ պաշտպանը որևէ հանդիպում քննարկում չի ունեցել այս թեմայով, և չգիտի, թե ինչ քայլեր են ձեռնարկում նրանք: Սակայն, մեջբերելով օրենքը, հավաստում է, որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվի:

 

«Օրենսդրությամբ նախատեսվում է երաշխավորի պատասխանատվություն, եթե նա չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, իր գործողություններում կա դիտավորություն, իսկ, եթե օբյեկտիվ պատճառներով չի իրականացնում պարտականությունները, ապա բնականաբար, պատասխանատվության ենթակա չէ»,-նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը 2018թ-ին որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման եւ տպագրման պատրվակով 2013-2016 թթ․ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ եւ խարդախությամբ հափշտակել այն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների եւ յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա փոփոխվել է:  Խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: