Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կոնֆլիկտ տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև: Նիստի սկզբում Մարիա Կարապետյանն իր խոսքում ասաց, որ հանձնաժողովը պիտի ավելի ակտիվ աշխատի, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովը բավականին ակտիվ աշխատում է, եթե մենք մնայինք միայն մեզ մակագրված գլխադասային օրենսդրական նախաձեռնությունների հույսին, կդառնայինք մեր աչքի առաջ պարալիզացված հանձնաժողովների նման: Մեր հանձնաժողովը պարբերաբար հրավիրում է քննարկումներ օրենսդրական մշակումներին զուգահեռ: Առաջիկայում մեր քննարկամանը կմասնակցի Արդարադատության նախարարը, դրանից մի քանի օր հետո մեզ մոտ կլինեն սևազգեստ մայրերը, որովհետև մենք քննարկելու ենք բանակում ինքնասպանությունների խնդիրը»:

Զոհրաբյանի խոսքով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ազատ է քննարկման դնել օրակարգ, առաջարկներով հանդես գալ, որոնք միշտ պատասխան կգտնեն հանձնաժողովի անդամների ու նախագահի կողմից:

«Ես օրական հազար անգամ մի տեղից մյուսն եմ գնում, Արմավիր քրեակատարողականից հոգեբուժարան, հոգեբուժարանից՝ Գյումրի և էսպես շարունակ: Այսինքն հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, եթե ուզում է աշխատել, ինքն աշխատում է, պարտադիր չէ խմբով աշխատենք: Ես մեր փորձագետներին միշտ հարցնում եմ,եղել է դեպք, որ մեր հանձնաժողովի անդամները ձեզ դիմած լինեն որևէ օրենսդրական առաջարկով, ասում են՝ ոչ, ոչ ոք չի դիմել: Ես հարյուր անգամ ասել եմ, բերեք օրակարգեր, քննարկենք, արտագնա նիստ անենք, բայց դուք երբեք առաջարկով հանդես չեք եկել»:

Զոհրաբյանը պնդեց, որ աշխատանքների ողջ ընթացքում նախաձեռնություններով հանդես է եկել միայն ինքը. «Ես առանց ավելորդ համեստության ասում եմ, որ առաջարկություններով հանդես եմ եկել միայն ես, նախաձեռնություններով հանդես եմ եկել միայն ես: Սա ասում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ հանձնաժողովի ֆունկցիան միայն գլխադասային նախագծերի քննարկումը չէ»:

Ավելի կոնկրետ անդրադառնալով Մարիա Կարապետյանին և Թագուհի Ղազարյանին՝ ասաց, որ նրանցից ոչ մեկը իրավունք չունի ակտիվ աշխատելու կոչ անել, այն դեպքում, երբ մեկ տարվա ընթացքում, ոչ մի անհատական առաջարկով հանդես չեն եկել.« Ոչ դուք, տիկին Կարապետյան, ոչ դուք, տիկին Ղազարյան, երբեք ոչ մի թուղթ չեք դրել սեղանիս, չեք ասել եկեք այսինչ նախագիծը քննարկենք: Տիկին Ղազարյան, դուք եկել, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել եք: Չի կարելի այդպես»:

Ի պատասխան Զոհրաբյանի, Թագուհի Ղազարյանը հորդորեց միմյանց չվիրավորել, և չանցնել սահմաններ. «Մեր բոլոր նիստերը տեսախցիկի առաջ են տեղի ունեցել, բացեք տեսաձայնագրությունները, նայեք՝ ով ինչ առաջարկով է երբևէ հանդես եկել: Մենք ենք շատ առաջարկներ արել, թե դուք: Եվ, առհասարակ, կարիք չկա այսպես մուննաթ գալ ինձ վրա»:

Մարիա Կարապետյանն էլ ասաց, որ Զոհրաբյանը անտեղի վրդովվեց. «Մենք չենք մեղադրում ձեզ, որ դուք վրդովվում եք, մենք չենք ասում հանձնաժողովը իր ֆունկցիան չի կատարում, մենք ասում ենք ավելի ակտիվ պիտի աշխատի հանձնաժողովը»: