Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։

Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից եւս դատարանին չներկակացվեց որեւէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենեւին պատահական չենք համարում նաեւ այն, որ դեռեւս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...

 

Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաեւ այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որեւէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաեւ հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին։

 

Արա Վարդանյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։