Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Արա Վարդանյանի փաստաբան՝ Երվանդ Վարոսյանի հետ։

«Հայաստանում ոչինչ արդեն անակնկալ չէ։ Արա Վարդանյանի համար էլ նման զարգացումն անակնկալ չէր։ Մենք պատրաստվում ենք բողոքարկել որոշումը, օրենքով սահմանված բոլոր միջոցներով բողոքելու ենք ապօրինի որոշման դեմ։ Փորձելու ենք վերականգնել Արա Վարդանյանի խախտված իրավունքները»,- նշեց փաստաբանը։

Դեռ երեկ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Արա Վարդանյանի կալանավորմանը՝ մասնավորապես նշելով․ «1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր, որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը»:

Փաստաբանի համար ակնհայտ է, որ կալանավորման որոշման պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արա Վարդանյանը չլռեց, ծակերը չմտավ, հանգիստ տեղը չնստեց։ Նա ուներ իր կարծիքը և չէր վախենում կարծիքն արտահայտել։ Սրա ֆոնին, երբ կայացվում է ակնհայտ անհիմն որոշում, որը որևէ կերպ օրինական կարգով կայացվել չէր կարող, հանգում ենք այն եզրակացության, որ սա ուղղակի հետապնդում է»,- ասաց Վարոսյանը։

Նշենք, որ Արա Վարդանյանին երեկ կալանավորել են։