Շատ է խոսվում այն մասին, որ Նոր Հայաստանի պաշտոնյաները «քյասիբ» հեղափոխականներից սահուն վերածվեցին միջինից բարձր եկամուտ ունեցող հպարտ քաղաքացիների: Համենայնդեպս այդ մասին է վկայում վերջիններիս՝ մեկ տարի առաջվա և ընդամենը վերջերս հրապարակված եկամուտների հայտարարագրերի պարզ համեմատությունը:
 
Սակայն պարզվում է, նոր Հայաստանում բարգավաճում են նաև հները, համենայնդեպս տարիներ առաջ հենց Փաշինյանի ու իր թիմի կողմից «թալանչի» ու «ժուլիկ» պիտակը ստացած հանրապետական քաղաքապետերը, ովքեր այսօր էլ շարունակում են պաշտոնավարել՝ բողոքելու առիթ կարծես թե չունեն:
 
Մասնավորապես Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը իր տարեկան հայտարարագրում նշել է 265,000,000.00 փոխառություն, 248,500,000.00 ՀՀ դրամ, 406,000.00 ԱՄՆ դոլար, 112,000.00 եվրո: Առուշանյանի եկամուտները հարկային տարում կազմել են 25,758, 884.00 ՀՀ դրամ:
 
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարագրել է 19,520,000.00 ՀՀ դրամական միջոց, իսկ հարկային տարում վերջինիս եկամուտները կազմել են 3,909,100.00 ՀՀ դրամ:
 
Ինչ վերաբերվում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ապա վերջինս իր տարեկան հայտարարագրում նշել է 1,800,000.00 ՀՀ դրամ, 9,000.00 ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 4,222,500.00 ՀՀ դրամ:
 
Ինչպես տեսնում ենք երբեմնի թալանչի պիտակավորումը ստացած քաղաքապետերը, ովքեր ամուր կապերով երկար տարիներ կապված են եղել նախկին իշխանությունների հետ, հեղափոխությունից հետո շատ ավելի լավ են ապրում, քան հարազատ կուսակցության իշխանության տարիներին: Ավելին, նրանց հրաժարականը որևէ մեկը չի պահանջում, նրանց այլևս չեն պիտակավորում իբրև դարի թալանչիներ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, լեզու են գտել նոր իշխանությունների հետ, այդ պատճառով անգամ թրենդային քրեական գործերն են իրենց շրջանցում, մուծվե՞լ են, թե դադարել են նորերի աչքերում թալանչի երևալուց, այն պարզ պատճառով, որ երբեք էլ այդպիսին չեն եղել…