Սևանի տոհմային շինշիլաբուծական ֆերման օրերս ներկայացրեց իր առաջին արտադրանքը։ Չնայած ընկերության ոգևորված հայտարարությանն ու «ավետիսը» հայտնելուն, մեծ թվով կենդանասերներ գրոհել են կենդանիների սպանդի միջոցով իրենց բիզնեսը ծաղկեցնող ընկերության ֆեյսբուքյան էջը։

Ֆեյսբուքյան էջում ընկերությունը զբաղվում է բիզնեսով և մանրամասն ներկայացնում բոլոր տեղեկությունները․ օրինակ՝ 1 շինշիլայի արժեքը տատանվում է 35․000-80․000 դրամի և նույնիսկ ավելի բարձր գների սահմանում՝ կախված դրանց մորթու գույներից, տարիքից և այլնից։ Այստեղ տեղեկացնում են նաև, որ 1 շինշիլան տարեկան 2 անգամ ամենաքիչը 4 ձագ կարող է ունենալ։

Նկատենք, որ կենդանիներին բուծում են դրանց մորթուց մուշտակներ կարելու համար, որոնք ամենաթանկն են և դրանց արժեքը կարող է հասնել նույնիսկ 100․000 դոլարի։

Հիշեցնենք, որ շինշիլաբուծության զարգացմամբ զբաղվելու մասին հայտարարել էր նախկին իշխանության վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա իր մարզային այցերից մեկի ժամանակ Շիրակի բնակիչներին խորհուրդ էր տվել շինշիլա բուծել, քանի որ կենդանուն պահելը ծախսատար չէ, խնամքը հեշտ է, մորթին էլ թանկ է վաճառվում: